Մատչելի հղումներ

Հաստատվել է «Հաքանի» ահաբեկչական ցանցի բարձրաստիճան ղեկավարի ոչնչացման փաստը


Պակիստան արտգործնախարար Հինա Ռաբանի Խառի հանդիպումը Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Մարկ Գրոսմանի հետ
Պակիստան արտգործնախարար Հինա Ռաբանի Խառի հանդիպումը Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Մարկ Գրոսմանի հետ

ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են Պակիստանում զինյալների «Հաքանի» ցանցի բարձրաստիճան ղեկավարներից մեկի ոչնչացման փաստը:

Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց համաձայն, «Ջամիլ» մականունով Ջանբազ Զադրանը, որը կարևոր դեր է ունեցել ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ուժերի վրա Քաբուլում և Աֆղանստանի այլ վայրերում կատարված հարձակումներն իրականացնելու մեջ, հինգշաբթի օրը ոչնչացվել է Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան նահանգի Միրանշահ բնակավայրի մոտակայքում, որը համարվում է «Հաքանի» ցանցի հենակետերից մեկը: Նրանց համաձայն, Զադրանը դարձել է մինչ օրս «Հաքանի» ցանցի ոչնչացված ամենաբարձրաստիճան առաջնորդը:

Պակիստանի հետախուզական ծառայությունների պաշտոնատար անձանց համաձայն, հինգշաբթի օրը ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հարվածների արդյունքում ոչնչացվել է «Հաքանի» ցանցի բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա ու երեք այլ զինյալ:

Այս ընթացքում Իսլամաբադում Պակիստանի ղեկավարության հետ հանդիպումներ է անցկացրել Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Մարկ Գրոսմանը:

Գրոսմանը հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել Պակիստան արտգործնախարար Հինա Ռաբանի Խառի հետ, որի ընթացքում քննարկվել է Պակիստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ապագան և երկխոսությունը պահպանելուն ուղղված քայլերը: Գրոսմանի համաձայն, հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն «Պակիստանի և ԱՄՆ-ի համատեղ շահերը որոշելու և դրանց ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ»:

ԱՄՆ-ի հանձնակատարը հանդիպում է անցկացրել նաև Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիի հետ, որը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե երկու պետությունների միջև հարաբերությունները պետք է ընդլայնվեն՝ դուրս գալով ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից և ընդգրկելով համագործակցությունն առևտրի, ջրային պաշարների, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման բնագավառում:

Գրոսմանն ու Պակիստանի ղեկավարությունը քննարկել են նաև Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:

XS
SM
MD
LG