ԱՄՆ-ի նոր հաշվետվության համաձայն, Չինաստանի ռազմական ներուժի աճը ստիպել է Թայվանին դիմել ԱՄՆ-ին` ավելի շատ սպառազինություն վաճառելու կոչով:
Թայվանի պաշտպանության նախարարության խոսնակ Յու Սի-թյուն ասել է, որ Թայբեյը ԱՄՆ-ից ցանկանում է գնել F-16 մակնիշի կործանիչներ, դիզելային սուզանավեր, ինչպես նաև այլ սարքավորումներ:
Հունվար ամսին ԱՄՆ-ը հաստատել է 6,4 միլիարդ դոլար արժողությամբ տարբեր տեսակի սպառազինությունների վաճառքը Թայվանին, ինչն առաջացրել է Պեկինի զայրույթը: Սպառազինության վաճառքը բերել է Չինաստանի կողմից ԱՄՆ-ի հետ բոլոր տեսակի ռազմական հարաբերությունների ժամանակավորապես դադարեցմանը:
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն, Չինաստանը նոր, տեխնիկապես հագեցած նավեր և սուզանավեր է ընդգրկում իր նավատորմի կամզում և արտադրում գործողության տարբեր շառավիղներ ունեցող հրթիռներ: Դրա նպատակը Թայվանյան նեղուցի երկու կողմերի միջև առկա ռազմական հավասարակշռությունը խախտելն է և ռազմական առավելություն ստեղծելը: