Սիրիայում կիրակի օրն անցկացվել է քվեարկություն երկրի նոր սահմանադրության շուրջ, որը երկրի ընդդիմության գործիչներն ու Արևմուտքի պետությունների կառավարությունները «ֆարս» են անվանել:
Նոր սահմանադրությամբ այս երկրում, որտեղ 1963 թվականից իշխել է «Բաաս» կուսակցությունը, նախատեսվում է ստեղծել բազմակուսակցական համակարգ: Սակայն նույնիսկ նոր սահմանադրության ընդունման դեպքում, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պահպանելու է իր իշխանությունն ու լիազորությունների զգալի մասը:
Երկրի ընդդիմությունը բոյկոտել է կիրակի օրն անցկացված քվեարկությունը՝ ասելով, որ Սիրիայի համար ընդունելի միակ լուծումը կարող է լինել նախագահ Ասադի հրաժարականը, որին հավատարիմ ուժերն արդեն գրեթե մեկ տարի շարունակում են հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ ուղղված բռնությունները:
Այս ընթացքում կիրակի օրը երկրում տեղի ունեցած բռնությունների պատճառով զոհվել է առնվազն 31քաղաքացիական անձ և զինծառայող:
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ասադին դեռևս աջակցող Սիրիայի զինծառայողները «անպատվում են իրանց անունը»՝ հերոս անվանելով «բռնություններից հրաժարվածներին»:
Արտգործնախարար Քլինթընը սակայն հորդորել է օտարերկրյա կառավարություններին զերծ մնալ Սիրիայի ապստամբներին ռազմական օգնություն տրամադրելուց՝ ասելով, որ և՛ «ալ-Քայիդա», և՛ «Համաս» ահաբեկչական կազմակերպությունները սատարում են ապստամբներին:
ԱՄՆ-ի արտգործնախարարը նշել է, որ ի տարբերություն Լիբիային, որտեղ Մուամար Քադաֆիի դեմ հանդես եկողները հայտնի էին իրեն, Սիրիայում ապստամբներին սատարողների ինքնությունը դեռևս հայտնի չէ:
«Ոչ ոք չգիտի, թե որտեղ կարող է հայտնվել ապստամբներին տրամադրված զենքն ու զինամթերքը», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը: