ՄԱԿ-ը քննարկում է Սիրիայում իր դիտորդների թիվը տասնապատկելու հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եկել է Սիրիայում դիտորդական իր առաքելության կազմը 3Օ-ից 3ՕՕ-ի հասցնելու հարցում նախնական համաձայնության։ Որոշում կայացնելու համար ՄԱԿ-ում քվեարկություն է անցկացվելու այսօր՝ ավելի ուշ։

Իսկ Սիրիայից ստացվող հաղորդագրությունների համաձայն, զինադադարն այստեղ մեծապես ոտնահարվում է։ Երկրի անվտանգության ուժերը շարունակում են կրակ բացել ընդդիմադիր ցուցարարների վրա, իսկ կառավարությունը՝ մեղադրում ընդդիմությանը՝ մահացու պայթեցումներ իրականացնելու մեջ։

Վերջին մեկ օրվա ընթացքում միայն Հոմս քաղաքում կառավարական ուժերը սպանել են 11 քաղաքացիների։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն ուրբաթ օրն ասել էր, թե աշխարհը չի կարող ավելի երկար սպասել զինադադարին ու Քոֆի Անանի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի իրականացմանը՝ նախազգուշացնելով Սիրիայի կառավարությանը, որ այն երկիրն այսպիսով տանում է դեպի քաղաքացիական պատերազմ։


Չինաստանն արգելափակել է Սիրիայի կառավարության դեմ ՄԱԿ-ի կողմից ավելի խիստ քայլերի դիմելու որոշումը՝ հայտարարելով, որ Պեկինը պատրաստ է ավելին անել` այստեղ զինադադարն ուժի մեջ պահելու եւ ավելի մեծաթիվ դիտորդներ այս երկիր ուղարկելու համար։