Սիրիայի Հոմս քաղաքում ուրբաթ օրն անցկացված բողոքի ցույցն ունեցել է մոտ 200 հազար մասնակից:
Երկրի ակտիվիստների համաձայն, ուրբաթ օրվա աղոթքներից հետո անցկացված բողոքի ցույցն այս երկրում մինչ օրս անցկացված երկրորդ ամենազանգվածային ցույցն է եղել:
Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ երկրի անվտանգության ուժերը կրակ են բացել Հոմսում անցկացված ցույցի մասնակիցների ուղղությամբ, որի պատճառով զոհվել է առնվազն մեկ մարդ, վնասվածքներ է ստացել երկու երեխա:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, անվտանգության ուժերն ուրբաթ օրը բռնություններ են իրականացրել նաև Դեյր էլ-Զոր արևելյան քաղաքի բնակիչների նկատմամբ՝ փորձելով կանխել այս քաղաքում հանրահավաքների անցկացումը: Զոհվածների և վնասվածքներ ստացածների մասին հաղորդագրություններ դեռևս չեն եղել:
Ռուսաստանն այս ընթացքում ավելի կոշտ դիրք է ընդունել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարության նկատմամբ՝ պահանջելով դադարեցնել ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնությունները:
Արևմտյան պետությունները ողջունել են Մոսկվայի կողմից ներկայացված առաջարկությունը՝ նշելով սակայն, որ այն բավարար չէ, քանի որ դրանում չի հիշատակվել Սիրիայի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանն ու Չինաստանն ավելի վաղ արգելափակել են Սիրիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևի նախագիծը, որին կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ մի քանի պետություն: