Սիրիայի անվտանգության ուժերն ուրբաթ օրը կրակ են բացել երկրի նախագահ Բաշար ալ-Ասաիդ հրաժարականը պահանջող ցուցարարների վրա:
Իրավապաշտպանների և ակտիվիստների համաձայն, անվտանգության ուժերը նման գործողությունների են դիմել Դամասկոսի արվարձան Դոմայում, հարավային Դերաա նահանգում և արևմտյան Դեյր էզ-Զոր քաղաքում անցկացված ցույցերի մասնակիցների դեմ: Նրանց վկայությամբ, անվտանգության ուժերի գործողությունների պատճառով զոհվել է առնվազն երկու մարդ:
Սիրիայի իշխանություններն այս ընթացքում հայտնել են ճանաչված ծաղրանկարչի վրա հինգշաբթի օրն իրականացված հարձակման հետաքննությունը սկսելու մասին:
Հիշեցնենք, որ ծաղրանկարիչ Ալի Ֆերզաթիին գողացել են, ուժեղ ծեծի ենթարկել, ապա դուրս գցել մեքենայից Դամասկոսի փողոցներից մեկում, որտեղ նրան հայտնաբերել են անցորդները:
«Սի-Բի-Էս» ամերիկյան հեռուստաալիքի փոխանցմամբ, Ֆերզաթի որդին ասել է, թե ծաղրանկարչին գողացած անձինք խոստացել են կոտրել իր ձեռքերը, որպեսզի ինքն այլևս չկարողանա կառավարության անդամների ծաղրանկարեր նկարել:
Եվրոպական Միությունը չորեքշաբթի օրն ընդլայնել է Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները` դրանցում ընդգրկելով Իրանի հեղափոխական պահակազորի էլիտար ստորաբաժանումներից մեկը, որն օգնել է Սիրիայի անվտանգության ուժերին իրականացնել Սիրիայի ապստամբների դեմ ուղղված բռնությունները:
ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ Իրանի էլիտար «Քադս» ստորաբաժանումը «տեխնիկական աջակցություն, սարքավորումներ և այլ տեսակի օգնություն է տրամադրել Սիրիայի անվտանգության ուժերին՝ քաղաքացիական բողոքի շարժումը ճնշելու նպատակով»:
ԵՄ-ի պատժամիջոցների ընդլայնված ցանկում ընդգրկվել են նաև Սիրիայի մի քանի գեներալ, պաշտպանության նախկին նախարարը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հատուկ հանձնակատար Հասան Թուրքմանին և նախագահի կրտեր եղբոր գործընկերները: