Սիրիայի ընդդիմությունը Թուրքիայում ազգային խորհուրդ են հիմնադրել

Սիրիայի ազգային խորհուրդ ստեղծելուն նվիրված ընդդիմության հանդիպում, Ստամբուլ, 15 սեպտեմբերի 2011թ.

Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադին ընդդեմ միասնական ճակատով հանդես գալու նպատակով Ազգային խորհուրդ ստեղծելու մասին:

Նշելով Սիրիայում ապստամբության սկզբի վեց ամիսը` ընդդիմության մի խումբ ակտիվիստներ հինգշաբթի օրը հանդիպում են անցկացրել Ստամբուլ քաղաքում, որտեղ հանդես են եկել ավելի քան 130 անդամ ունեցող խորհուրդ ստեղծելու մասին հայտարարությամբ:

Նորաստեղծ խորհրդին անդամակցող անձանցից մի մասն այժմ բնակվում է Սիրիայում, իսկ մնացած մասը կազմում են երկրից գաղթած այլախոհները:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հայտնել է, թե հեռարձակելու է գնդապետ Հուսեյն ալ-Հարմուշի «խոստովանությունը»: Գնդապետ Ալ-Հարմուշը բարձր պաշտոն էր զբաղեցրել Սիրիայի զինված ուժերում, սակայն մի քանի ամիս առաջ հրապարակայնորեն հայտարարել էր ընդդիմության կողմն անցնելու մասին և փախուստի դիմել Թուրքիա:

Սիրիայի ակտիվիստների համաձայն, ալ-Հարմուշը վերջերս ընկել է Թուրքիայում գործող Սիրիայի հետախուզական մարմինների ձեռքը և վերադարձվել է Սիրիա:

Սիրիայի անվտանգության ուժերը չորեքշաբթի օրը կրակ են բացել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող մի քանի գյուղական բնակավայրի ուղղությամբ` շարունակելով բռնությունների իրականացման միջոցով ճնշել երկրում չդադարող հակակառավարական շարժումը: Անվտանգության ուժերի գործողությունների պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի դեսպան Յուսեֆ Ահմեդը քննադատել է այս երկրում տեղի ունեցող ճգնաժամի վերաբերյալ Լիգայի կողմից հրապարակված վերջին հայտարարությունը` անվանելով այն «թշնամական և ոչ կառուցողական»:

Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունների արտգործնախարարները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երեքշաբթի օրը հանդիպում են անցկացրել, որի ընթացքում կոչ են արել Սիրիայի կառավարությանն անմիջապես դադարեցնել բռնությունները և համազգային երկխոսություն սկսել: