Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Առնվազն 2 600 զոհ՝ Սիրիայի ապստամբության ընթացքում»


ՄԱԿ. «Առնվազն 2 600 զոհ՝ Սիրիայի ապստամբության ընթացքում»
ՄԱԿ. «Առնվազն 2 600 զոհ՝ Սիրիայի ապստամբության ընթացքում»

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, Սիրիայում այս տարվա մարտ ամսից անցկացվող հակակառավարական ցույցերի ընթացքում կառավարական ուժերի կողմից իրականացված գործողությունների պատճառով զոհվել է առնվազն 2 600 մարդ:

Այս տվյալները երկուշաբթի օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ուղղված իր ուղերձում ներկայացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը:

Փիլեյի կողմից ներկայացված տվյալների համաձայն, Սիրիայում զոհերի թիվը զգալիորեն աճել է` համեմատած օգոստոս ամսին ներկայացված տվյալների, որոնք կազմել են 2 200 մարդ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարության խոսնակ Բութանիա Շաաբանն անմիջապես հերքել է ՄԱԿ-ի կողմից ներկայացված տվյալները՝ ասելով, որ զոհերի թիվը կազմում է «ընդամենը» 1 400 մարդ:

Շաաբանի համաձայն, զոհերի թիվը «հավասարաչափ է բաշխված` կառավարական ուժերի և ընդդիմության ակտիվիստների թվում զոհերը կազմում են 700-ական մարդ»:

Այս ընթացքում ԱՄՆ-ը դատապարտել է Սիրիացի հայտնի իրավապաշտպան և ակտիվիստ Ղիյաթ Մաթարի սպանությունը: Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի վարչակարգի կողմից իրականացվող «աննկարագրելի բռնությունները» և կրկնել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նախագահի հրաժարականը ներկայացնելու կոչը:

Միջազգային հանրությունը գնալով ավելի ուժեղ ճնշում է գործադրում Սիրիայի նախագահի վրա: Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, թե Մոսկվան կարող է «ուսումնասիրել Ասսադին վճռական ուղերձ ներկայացնող ՄԱԿ-ի գերագույն խորհրդի բանաձևը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում սակայն Մեդվեդևն ասել է, թե Սիրիայի վրա պետք չէ գործադրել «լրացուցիչ ճնշում»` ասելով, որ միջազգային հանրությունն արդեն իսկ բավական խիստ պատժամիջոցներ է սահմանել Ասսադի վարչակարգի նկատմամբ:

XS
SM
MD
LG