Սիրիայի կառավարական ուժերը կրակ են բացել մի քանի գյուղի ուղղությամբ

Սիրիայի ակտիվիստների համաձայն, անվտանգության ուժերը կրակ են բացել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող մի քանի գյուղական բնակավայրի ուղղությամբ` շարունակելով բռնությունների իրականացման միջոցով ճնշել երկրում չդադարող հակակառավարական շարժումը:

Իրավապաշտպանների համաձայն, կառավարական ուժերը չորեքշաբթի օրը ծանր գնդացիներից կրակ են բացել Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող Իդլիմբ նահանգի գյուղական մի քանի վայրի ուղղությամբ: Նրանք հայտնել են, որ իրենց գործողություններն իրականացնելու ընթացքում անվտանգության ուժերն այդ վայրերում դադարեցրել են հեռահաղորդակցման բոլոր միջոցների աշխատանքը և փակել ճանապարհները:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Արաբական պետությունների լիգայում Սիրիայի դեսպան Յուսեֆ Ահմեդը քննադատել է այս երկրում տեղի ունեցող ճգնաժամի վերաբերյալ Լիգայի կողմից հրապարակված վերջին հայտարարությունը` անվանելով այն «թշնամական և ոչ կառուցողական»:

Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունների արտգործնախարարները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երեքշաբթի օրը հանդիպում են անցկացրել, որի ընթացքում կոչ են արել Սիրիայի կառավարությանն անմիջապես դադարեցնել բռնությունները և համազգային երկխոսություն սկսել:

«ՍԱՆԱ» լրատվական գործակալության համաձայն, հանդիպմանը ներկա Սիրիայի դեսպանը հայտնել է մասնակիցներին, թե Դամասկոսը շարունակում է իրականացնել բարեփոխումների գործընթացը: