«Սիրիայի իշխանություններն օգտագործում են բուժհաստատությունները՝ որպես երկրում այլախոհության դեմ պայքարի գործիք»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը:
«Amnesty International»-ը երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում հայտնել է, որ պետական հիվանդանոցներից չորսում գտնվող հիվանդները ենթարկվել են խոշտանգումների, իսկ ընդդիմադիրներին բժշկական օգնություն տրամադրելու մեջ կասկածվող բժիշկները հետապնդվել են անվտանգության ուժերի կողմից:
Իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն, հիվանդների նկատմամբ բռնություններ են իրագործվել Բանիյաս, Հոմս և Թել Քալախ քաղաքների հիվանդանոցների աշխատողների և անվտանգության ծառայությունների կողմից:
Զեկույցում նշվել է նաև, որ մարդկանցից շատերը նախընտրում են չդիմել բժշկական հաստատություններ և առանց խնամքի թողնել վնասվածքները՝ անձնական անվտանգության նկատառումներից ելնելով:
«Amnesty International»-ը կոչ է արել Սիրիայի կառավարությանը կարգադրել հիվանդանոցներին առանց հապաղելու ընդունել և բժշկական օգնություն ցուցաբերել բոլոր հիվանդներին:
Չինաստանը երեքշաբթի օրը հորդորել է Սիրիային կառավարությանն իրականացնել խոստացած բարեփոխումները և ընդունել ժողովրդի պահանջները:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի համաձայն, Չինաստանը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը զերծ կման բռնություններից և ճգնաժամը կկարգավորեն խաղաղ միջոցներով:
Սիրիայի իշխանությունները հետ են կանչել Միացյալ Նահանգներում Սիրիայի դեսպանին` Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում դեսպան Ռոբերտ Ֆորդին հետ կանչելուն ի պատասխան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք երկուշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն դեսպան Ռոբերտ Ֆորդը լքել է Սիրիան մի քանի օր առաջ:
Նրանց համաձայն, Միացյալ Նահանգները Սիրիայից հետ է կանչել իր դեսպանին՝ վերջինիս անձնական անվտանգության մտավախությունից ելնելով:
Դեսպան Ֆորդն առաջացրել էր Սիրիայի իշխանությունների զայրույթը՝ հանդես գալով այս երկրի կառավարության կողմից նախագահ Բաշար ալ-Ասսադի հրաժարականը պահանջող բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ: