ԵՄ-ն արգելել է ներդրումներ կատարել Սիրիայի նավթային ոլորտում

Եվրոպական Միության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոն (արխիվային լուսանկար)

Եվրոպական Միությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ, ներառյալ երկի նավթային ոլորտում ներդրումներ կատարելու արգելքը:

Եվրոպական Միության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այս միջոցը նախատեսված է սեպտեմբերի 2-ին Սիրիայից հում նավթի արտահանման արգելքը լրացնելու համար:

Եվրոպական Միության հանձնակատարն ասել է, որ պատժամիջոցների նպատակն է՝ հնարավորինս մեծ ազդեցություն գործել Սիրիայի կառավարության և միաժամանակ նվազագույնի հասցնել բացասական ազդեցությունը երկրի բնակչության վրա:

ԵՄ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների թվում է նաև Սիրիայի կենտրոնական բանկի համար նոր թղթադրամների առաքման, ինչպես նաև Սիրիայի կառավարության հետ կապեր ունեցող որոշ անձանց գումարների սառեցումն ու տեղաշարժի արգելքը:

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, Սիրիայում հակակառավարական ցույցերի անցկացման սկզբից զոհվել է առնվազն 2 700 մարդ: