Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է Սիրիային վերաբերյալ բանաձևը


Սիրիայի ընդդիմադիր գործիչ Հասան Աբդուլ-Ազիմի գրասենյակի մուտքը Ասսադի կողմնակիցների հարձակումից հետո
Սիրիայի ընդդիմադիր գործիչ Հասան Աբդուլ-Ազիմի գրասենյակի մուտքը Ասսադի կողմնակիցների հարձակումից հետո

Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասսադի կողմնակիցները լոլիկ են նետել Միացյալ Նահանգների դեսպանի ուղղությամբ և փորձել են գրոհել այն գրասենյակը, որտեղ անցկացվել է դեսպանի և Սիրիայի ընդդիմության գործիչներից մեկի միջև հանդիպումը:

Սիրիայի ընդդիմադիր գործիչ Հասան Աբդուլ-Ազիմի համաձայն, Ասսադի կողմնակիցների մի ամբոխ նման գործողությունների է դիմել երկրի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող Աբդուլ-Ազիմի գրասենյակի ուղղությամբ այն ժամանակ, երբ այնտեղ անց էր կացվում իր և ԱՄՆ-ի դեսպանի միջև հանդիպումը:

Սիրիայի արտգործնախարարությունը հինգշաբթի օրը մեղադրել է Միացյալ Նահանգներին անվտանգության ուժերի դեմ բռնությունների հրահրելու մեջ:

Այս ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ կոմպրոմիսային բանաձև, որով չի նախատեսվում այս երկրի նկատմամբ պատժամիջոցների սահմանում, սակայն դատապարտվում է այնտեղ տեղի ունեցող բռնությունների սաստկացումը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը հանդիպում է անցկացրել՝ Եվրոպական պետությունների և Ռուսաստանի կողմից Սիրիայում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ մրցակից բանաձևերի նախագծերը քննարկելու նպատակով:

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Պորտուգալիան առաջարկել են Անվտանգության խորհրդի բանաձևի նոր տարբերակ, որտեղից հանվել է Սիրիայի դեմ պատժամիջոցներ անմիջապես կիրառելու պահանջը: Այս բանաձևում սակայն ներառվել է Սիրիայի նախագահ Ասսադին ընդդիմության դեմ ուղղված բռնությունները չդադարեցնելու դեպքում իր դեմ գործողություններ իրականացնելու սպառնալիք:

Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիայի դեմ որևէ պատժամիջոցներ կիրառելու դեմ, և իր կողմից ներկայացված բանաձևի նախագծի վերջին տարբերակում Սիրայի բոլոր կողմերին հորդորում է դատապարտել այս երկրում իրականացվող բռնությունները: Հնդկաստանը, Բրազիլիան և Անվտանգության խորհրդի ոչ մշտական մի քանի այլ անդամ պետություն նույնպես հանդես են գալիս Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն ընդդեմ:

XS
SM
MD
LG