Սիրիայում կառավարական ուժերը նոր սպանություններ են գործել

Սիրիայում կառավարական ուժերը նոր սպանություններ են գործել

Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ կառավարական ուժերը նոր սպանություններ են գործել Հոմս քաղաքում:

Ակտիվիստների համաձայն, այս քաղաքում երկուշաբթի օրը կառավարական ուժերի կողմից իրականացված գործողությունների պատճառով զոհվել է հինգ, վնասվածքներ ստացել առնվազն ինը մարդ:

Այս իրադարձություններից մեկ օր առաջ Քաթարի էմիր Համադ բին Խալիֆա ալ-Թանին կոչ է արել արաբական պետությունների զորամիավորումներ ուղարկել Սիրիա:

Այս հայտարարությամբ, որն արաբական պետության ղեկավարի կողմից արված նման առաջին կոչն է, էմիրը հանդես է եկել ամերիկյան «Սի-Բի-Էս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սիրիայում Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավարը Դամասկոսում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցին կիրակի օրը հայտնել է, թե կողմ է արտահայտվելու զինված ուժեր կիրառելու գաղափարին:

http://www.voanews.com/templates/widgetDisplay.html?id=137389888&player=article

Նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդես է եկել Սիրիայում սպանությունները դադարեցնելու մասին այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադին ուղղված հայտարարությամբ։

Հանդես գալով Բեյրութում արաբական աշխարհում ժողովրդավարության տարածմանը նվիրված համաժողովի ժամանակ՝ գլխավոր քարտուղարն ասել է. «Ես այսօր նորից կոչ եմ անում Ասսադին դադարեցնել սպանությունները, քանի որ բռնությունները տանում են միայն դեպի փակուղի»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է անցյալ տարի արաբական աշխարհում իրականացված բռնությունների հետևանքների մասին ու նշել, որ «փոփոխության քամին այլևս կանգ չի առնելու և Թունիսում սկսված բոցը չի մարելու»։

Բեյրութի վեհաժողովի ժամանակ Բան Կի-մունն ասել է նաև, թե արաբական աշխարհի հեղափոխությունները ցույց են տվել, որ ժողովուրդն այլևս չի հանդուրժում միանձնյա կառավարում։