Մատչելի հղումներ

Դիտորդները շարունակում են լքել Սիրիան


«Արաբական պետությունների լիգայի դիտորդները շարունակում են լքել Սիրիան` արտահայտելով իրենց բողոքն այս երկրի կառավարության կողմից իրականացվող բռնությունների դեմ»:

Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Մեծ Բրիտանիայից գործող «Մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Մուսաբ Ազզավին:

Ազզավիի համաձայն, Իրաքից, Քուվեյթից և Միացյալ Արաբական Էմիրություններից Սիրիա ժամանած ընդհանուր թվով 11 դիտորդ երեքշաբթի օրը Դեյր էլ-Զոր քաղաքում ականատես են եղել, թե ինչպես այս երկրի անվտանգության ուժերը կրակ են բացել հակակառավարական ակտիվիստների ուղղությամբ:

Ազզավիի համաձայն, այս միջադեպի ընթացքում զոհվել է երկրի ընդդիմության 19 ներկայացուցիչ:

Ալժիրից ժամանած դիտորդը, որն այս շաբաթվա սկզբին դարձել է Արաբական պետության լիգայի առաքելության իրականացումը շարունակելուց հրաժարված առաջին դիտորդը նշել է սակայն, որ Սիրիայում 150 անդամից բաղկացած դիտորդական առաքելության իրականացնողներից շատերը չեն կարող հեռանալ այս երկրից, քանի որ կատարում են իրենց կառավարությունների հրամանը:

Արաբական պետությունների լիգայի դիտորդները մեկնարկել են Սիրիայում իրենց առաքելությունն անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին: Առաքելության նպատակն է` ստուգել, արդյոք նախագահ Բաշար ալ-Ասսադը կատարում է Արաբական պետությունների լիգայի հետ համաձայնեցված ծրագիրը, որի համաձայն պետք է դադարեցվեն հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ իրականացվող բռնությունները:

Միավորված ազգերի կազմակերպությունն ու ԱՄՆ-ը սակայն հայտնել են, որ դիտորդական առաքելությունը մեկնարկելու ժամանակից Սիրիայի անվտանգության ուժերի կողմից իրականացվող բռնությունները սաստկացել են:

XS
SM
MD
LG