Սիրիայում երկուշաբթի վաղ առավոտյան գազատարներից մեկի պայթյունն իրականացնելու մեջ այս երկրի պաշտոնատար անձինք մեղադրել են «ահաբեկչական խմբավորումներին»:
Պետական լրատվական գործակալության վկայությամբ, պայթյունն իրականացվել է Լիբանանի սահմանի մոտակայքում գտնվող Թելքալախ բնակավայրից ոչ հեռու:
Այս ընթացքում «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է, որ երկրի Դերաա հարավային նահանգի Հիրաք քաղաքում բախումների պատճառով զոհվել է երկրի վեց զինծառայող և քաղաքացիական չորս անձ:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունն այս իրադարձություններից մեկ օր առաջ հաղորդել է երկրում 72 զոհի մասին:
Անկախ մարմինները հնարավորություն չունեն հաստատելու այս տեղեկություները, քանի որ Սիրիայի կառավարությունն արգելել է օտարերկրյա լրագրողների ազատ տեղաշարժն այս երկրում:
Աշխարհում մահմեդական ամենախոշոր կազմակերպության՝ «Իսլամական համագործակցության կազմակերպության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ՝ հույս հայտնելով, որ միջազգային համայնքը «կստանձնի Սիրիայում քաղաքացիական անձանց պաշտպանելու և երկրում արյունահեղությունը դադարեցնելու պարտականությունը»:
Արաբական պետությունների լիգան ավելի վաղ հանդես է եկել Սիրիայում իշխանությունը նախագահ Բաշար ալ-Ասսադից իր տեղակալին փոխանցելու և ազգային միասնության կառավարություն ստեղծելու առաջարկությամբ: Ասսադի կառավարությունը սակայն հերքել է Արաբական պետությունների լիգայի առաջարկությունը: