Սիրիայի նախագահ. «Երկրում ծավալված ճգնաժամը դավադրության արդյունք է»

Սիրիայի նախագահ. «Երկրում ծավալված ճգնաժամը դավադրության արդյունք է»

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը երկրում ճգնաժամի ծավալման մեջ մեղադրել է օտարերկրյա պետությունների կողմից կազմակերպված դավադրությունը:

Բաշար ալ-Ասսադը երեքշաբթի օրը Դամասկոսում իր ունեցած ելույթի ընթացքում քննադատության է ենթարկել Արաբական պետությունների լիգան, որն անցյալ տարվա նոյեմբերի ամսին դադարեցրել է Սիրիայի անդամակցությունն այս կազմակերպությանը:

Ասսադի համաձայն, իր պետության դեմ իրականացվող դավադրությունը կազմակերպվել է միջազգային և արաբական կազմակերպությունների կողմից:

Սիրիայի նախագահ Ասսադը սակայն չի բացառել արաբական պետությունների մասնակցությամբ իր երկրում ծավալված ճգնաժամի ցանկացած լուծում՝ պայմանով, որ այն չի խախտի երկրի ինքնինշխանությունը:

Դամասկոսում իր ունեցած ելույթի ընթացքում Ասսադն ասել է նաև, թե կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից միայն Սիրիայի ժողովրդի կամքով:

Հիշեցնենք, որ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրիայի հարցերով լիգայի հանձնաժողովի նախագահի կողմից արված մեկնաբանությունները վկայում են այս երկրում ծավալված ճգնաժամի վերաբերյալ նրա որդեգրած «կողմնակալ մոտեցման» մասին:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Արաբական պետությունների լիգայում Սիրիայի ներկայացուցիչ Յուսեֆ Ահմադն ասել է, թե «Սիրիայի ժողովրդի մեծամասնությունը դեմ է հանդես գալիս երկրի ներքին գործերում արտաքին ազդեցությունների»:

Ահմադն այս մեկնաբանություններով հանդես է եկել՝ ի պատասխան Քաթարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասեմ ալ-Թանիի կողմից այն կոչերի, որոնց համաձայն Սիրիայի իշխանությունները պետք է դադարեցնեն հակակառավարական ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնությունները:

Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կիրակի օրը Կահիրեում անցկացված հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայում անցկացվող դիտորդական առաքելության առաջընթացը:

Արտգործնախարարները համաձայնության են եկել այս երկրում դիտորդների թիվն ավելացնելու շուրջ:

Սիրիայի ընդդիմության ակտիվիստները և իրավապաշտպանները քննադատության են ենթարկել դիտորդներին՝ ասելով, որ նրանց ներկայությունը հետ չի պահել երկրում իշխանության գլուխ կանգնած վարչակարգին հավատարիմ ուժերին ընդդիմության ներկայացուցիչների դեմ բռնություններ իրականացնելուց:

Արաբական պետությունների լիգայի որոշ քննադատներ հանդես են գալիս Սիրիայից դիտորդներին դուրս բերելու կոչերով: