Քննարկվում է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու հարցը

Արաբական լիգայի արտգործնախարարները Կահիրեում քննարկում են Սիրիայի դեմ պատժամիջոցներ սկսելու հարցը, քանի որ այս երկրի կառավարությունն անտեսել է ընդդիմադիր շարժման դեմ իրականացվող բռնությունները դադարեցնելու համար Լիգայի կողմից իրեն տրված վերջնաժամկետը։
22 անդամ պետությունների ներկայացուցիչները քննարկում են նույն երկրների ֆինանսների նախարարների կողմից նախորդ օրը ներկայացված պատժամիջոցների շարքը։

Կան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի ու նրա աջակից պաշտոնյաների բանկային հաշիվները սառեցնելու, նրանց Արաբական լիգայի անդամներին այցելելու իրավունքից զրկելու, դեպի Սիրիա առեւտրային թռիչքները դադարեցնելու եւ Սիրիայի Կենտրոնական բանկի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին առաջարկներ։


Նման քայլերի ձեռնարկումը մեծ հարված կլինի Սիրիայի համար, որն արդեն երկար տարիներ է հպարտանում, թե դարձել է արաբական ազգայնականության պատվարը։

Արաբական լիգայի պաշտոնյաները նման առաջարկներ սկսեցին ներկայացնել, երբ Սիրիան հրաժարվեց ընդունել սկսված ապստամբության դեմ բիրտ միջոցներից հրաժարվելու համար իրեն մինչեւ ուրբաթ օրը տրված վերջնաժամկետը։

Իսկ միայն շաբաթ օրն իրականացված նոր գրոհների արդյունքում երկրի անվտանգության ուժերը սպանել են եւս 27 ցուցարարների։

Իրաքն ու Լիբանանն ունեն Սիրիային նման կերպ պատժելու հարցում վերապահություններ։ Եվ այժմ պարզ չէ, թե ազդեցություն կգործեն պատժամիջոցները, եթե Լիգայի երկու անդամ պետություն հրաժարվի մասնակցել պատժամիջոցներին։