Հարձակում Սիրիայում երկու դեսպանատների վրա

Սիրիայի կառավարությանը հավատարիմ ուժերը գրոհներ են իրականացրել ընդդեմ մայրաքաղաք Դամասկոսում Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի դեսպանատների, քանի որ երկու այս պետություններն աջակցել են Արաբական լիգայում Սիրիայի անդամակցությունը կասեցնելու որոշումը։ Արաբական լիգան այս որոշումն էր կայացրել, քանի որ Սիրիայի կառավարությունը չէր կատարել ընդդիմության դեմ բռնությունները դադարեցնելու մասին Լիգային տրված խոստումը։

Սաուդյան Արաբիան դատապարտել է դեսպանատան դեմ իրականցված հարձակումը՝ դրա համար պատասխանատու համարելով Սիրիայի կառավարությանը:

Սաուդյան Արաբիայից ստացված այլ հաղորդագրությունների համաձայն, Արաբական լիգայի դեմ դուրս ելած ցուցարարները քարեր են նետել դեսպանատան վրա, կոտրել պատուհանների ապակիները ու թալանել գրասենյակները։ Մեծ թվով ամբոխ է նաեւ հավաքվել Քաթարի դեսպանատան մոտ ու ներխուժել դարպասներից ներս։

Արաբական լիգան քվեարկել է այն առաջարկի օգտին, ըստ որի չորեքշաբթի օրվանից կդադարեցվի Սիրիայի անդամակցությունը Լիգային, եթե նախագահ Բաշար ալ Ասսադի կառավարությունը շարունակի անտեսել ընդդիմության հետ երկխոսություն սկսելու մասին Լիգայի ներկայացրած ծրագիրը եւ ընդդիմադիր ցուցարարների դեմ ուժի կիրառումը դադարեցնելու պահանջը։