Հարավային Կորեայի հետազոտական գործակալություններից մեկը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարն այս տարվա ընթացքում կկարգադրի անցկացնել միջուկային զենքի կամ գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռի փորձարկում:
«Արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության ինստիտուտ» կազմակերպության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, Կիմ Ջոնգ Ունը «ռազմական արկածախնդրության» է դիմելու այս տարի՝ որպես ռազմական ղեկավար իր համբավի, այնպես էլ երկրում իր իշխանությունը հաստատելու նպատակով:
Զեկույցի համաձայն, փորձարկումը կանցկացվի 2012 թվականի վերջին կամ 2013 թվականի սկզբին, երբ Միացյալ Նահանգներում և Հարավային Կորեայում նախագահական ընտրություններ են անցկացվելու:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ աշխատող ինստիտուտը հայտնել է, որ միջուկային փորձարկման համար կարող է օգտագործվել միջուկային այն նյութը, որը արտադրվել է 2010 թվականին աշխատանքը մեկնարկած ուրանի հարստացման գործարանում:
Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան, Ճապոնիան, Չինաստանը և Ռուսաստանը բանակցություններ են վարել Փխենյանի հետ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ՝ փոխարենն առաջարկելով իրականացնել տնտեսական օգնության ծրագրեր:
Այս բանակցություններից Հյուսիսային Կորեան դուրս է եկել 2009 թվականին՝ քիչ անց անցկացնելով միջուկային զենքի երկրորդ փորձարկումը: