Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածուն անցավ առաջին քննությունը

Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածուն անցավ առաջին քննությունը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չորեքշաբթի օրն անցկացվեցին Հայաստանում, Մակեդոնիայում և Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպանների թեկնածությունների շուրջ լսումներ: Թեկնածուները նախ պատմեցին իրենց անցած ուղու ու փորձառության մասին, ներկայացրին ընտանիքների անդամներին ու պատասխանեցին ներկա գտնվող միայն մի քանի սենատորների հարցերին:

Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնը, պատմելով կնոջ ու հինգ զավակների մասին, ասաց, թե հաստատվելու դեպքում, շարունակելու է հայ-ամերիկյան հարաբերությունները սերտացնելու իր նախորդների աշխատանքն ու ջանքերը, ամեն ինչ պիտի անի երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն է՛լ ավելի զարգացնելու ուղղությամբ:
Նա խոստացավ կենտրոնանալ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրների վրա ու հորդորել Հայաստանի իշխանություններին բարելավել այս բնագավառում արձանագրվող ցուցանիշը: Նա նշեց միևնույն ժամանակ, «ժողովրդավարության բնագավառում Հայաստանում վերջին ամիսներին նկատվող առաջընթացի մասին»:

Հեֆֆերնը համոզմունք արտահայտեց, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում, կկարողանա իր լուման ներդնել հայ-թուրքական փակուղի մտած շփումները վերականգնելու գործում` նաև Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության հետ սերտ համագործակցելու եղանակով:
Լեռնային Ղարաբաղի շուրջ խոսելով` դեսպանի թեկնածուն նշեց այս գործընթացում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացի կարևորությունը: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ գործընթացին, և ես նույնպես կանեմ իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ` խնդրի խաղաղ կարգավորման համար», - ասաց Հեֆֆերնը:

Նա խոսեց նաև «1915 թվականի հայկական ջարդերի» մասին` նշելով, որ այդ տարիներին Օսմանյան կայսրության օրոք կոտորվել է մոտ մեկ և կես միլիոն հայ և հայտարարելով, որ մանրազննին աշխատանք ու ջանք է պահանջվելու պատմական փաստերն ընդունելու ուղու վրա:

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը սովորաբար շատ խիստ մոտեցում է ցույց տալիս հատկապես Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերում, ողջունեց նրա այդ հայտարարությունը, սակայն միևնույն ժամանակ հարցրեց. «Դուք ընդունո՞ւմ եք, որ Օսմանյան Կայսրության տարիներին տեղի են ունեցել ավելի քան մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային սպանություններ, բռնի արտահանում և իրականացվել ազգային մաքրազտում»:

Հեֆֆերնը պատասխանեց, կրկնելով նախագահ Օբամայի խոսքերն այն մասին, որ այո, տեղի են ունեցել զանգվածային ջարդեր ու բռնի տեղահանություն և հայտարարեց, որը ինքը նույնպես ընդունում է այդ փաստը: Սակայն այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը Թուրքիային համարում է Օսմանյան կայսրության իրավահաջորդ, Հեֆֆերնը հստակ պատասխան չտվեց՝ ասելով միայն, թե ինքը ենթադրում է, որ դա այդպես է:

Մենենդեսն ընթերցեց Ցեղասպանությունները կանխելու ու պատժելու կոնվենցիայի երկրորդ հոդվածը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը հաստատել և ընդունել է այն: Մենենդեսն այնուհետև հայտարարեց. «Ուրեմն այն, ինչի մասին նոր խոսում էիք, համապատասխանում է Ցեղասպանությունների կոնվենցիայի թիվ 2 հոդվածին»:

Ջոն Հեֆֆերնն ասաց, թե ինքն «այո» է պատասխանում այդ հարցին, սակայն նշեց նաև, որ «այդ իրադարձությունների բնութագրումը քաղաքական որոշման հարց է, որն ընդունվում է ԱՄՆ-ի նախագահի կողմից և որ այն արտահայտվում է ամեն տարի ապրիլքսանչորսյան ուղերձի ժամանակ»:

Մենենդեսի այն հարցին, թե ինքը երբևիցե կարդացել է Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հենրի Մորգենթաուի հաղորդագրությունները, Հեֆֆերնը տվեց դրական պատասխան, որին անմիջապես հաջորդեց Մենենդեսի հաջորդ կարճ հարցը. «Եվ Դուք չունեք այդ հաղորդագրությունների իսկությունը հարցականի տակ դնելու որևէ պատճառ , այնպես չէ՞»: Հեֆֆերնը պատասխանեց, որ «ԱՄՆ-ի դիվանագետները հաղորդել են այն, ինչ տեսել են, և տվել դրանց գնահատականը»:
Մենենդեսը հիշեցրեց, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ունի բավականին մեծ թվով տվյալներ, որ ԱՄՆ-ը իր ստորագրությունն է դրել այն փաստաթղթի տակ, որը նման բռնությունները որակում է «ցեղասպանություն», սակայն ԱՄՆ չունի այն «ցեղասպանություն» անվանելու կամք:

“Եվ ես կարծում եմ, շատ դժվար է ամերիկյան դիվանագետ ուղարկել մի երկիր, որտեղ նա պիտի այցելի Ցեղասպանության հուշահամալիր` առանց «ցեղասպանություն» բառն արտասանելու», - ասաց սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ հույս հայտնելով, որ Ջոն Հեֆֆերնը կայցելի Ցեղասպանության հուշահամալիր «այնպես, ինչպես նրա նախորդ բոլոր դեսպանները»: