Ռուսաստանում ուրբաթ օրն անցկացված հարցման արդյունքների համաձայն, երկրում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Լևադա Կենտրոն» կազմակերպության կողմից անցկացված հարցման մասնակիցների 66 տոկոսը հայտնել է, որ հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկելու է Պուտինի օգտին:
Հիշեցնենք, որ հարցումից մեկ օր առաջ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի տասնյակ հազարավոր կողմնակիցներ երթ են անցկացրել Մոսկվայում:
Պուտինի կողմնակիցները հինգշաբթի օրը երթով անցել են Մոսկվա գետի մոտակայքում գտնվող փողոցներով՝ ուղևորվելով «Լուժնիկի» մարզադաշտ՝ վարչապետի ելույթը լսելու նպատակով:
Ելույթ ունենալով հավաքվածների առջև՝ Պուտինը համոզվածություն է հայտնել, որ մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում ինքը հաղթանակ է տանելու: Ռուսաստանի վարչապետի այս հայտարարությունը մեծ ոգեշնչմամբ է ընդունվել հավաքի մասնակիցների կողմից:
Վարչապետ Պուտինի կողմնակիցների կազմակերպված երթն ու հավաքը անցկացվել են ի պատասխան վերջերս կազմակերպված հակապուտինյան բազմաթիվ ցույցերի: