Նախորդ օրերին անհետացել են ռուսաստանյան կալանավայրերում պահվող քաղբանտարկյալները

Իլյա Յաշին (արխիվային լուսանկար, հուլիս 2022)

Ռուսաստանի բանտերում գտնվող առնվազն յոթ քաղբանտարկյալներ տարվել են անհայտ ուղղությամբ՝ պնդում են իրավապաշտպանները։

«Ամերիկայի ձայնի» հետ զրուցած ռուսաստանցի իրավապաշտպաններն անհանգստացած էին՝ կալանավայրերում «անհետ կորել» են մի շարք քաղբանտարկյալներ, և այդ առնչությամբ պաշտոնական բացատրություն չկա։

Մեր զրուցակիցները, սակայն, չեն բացառում, որ պատճառը կարող է լինել արևմտյան երկրներում պատիժ կրող Կրեմլի գործակալների հետ քաղբանտարկյալների հնարավոր փոխանակումը։

Հիշեցնենք, նախօրեին հայտնի էր դարձել, որ ռուսաստանցի չորս քաղբանտարկյալներ գաղութներից տեղափոխվել են անհայտ ուղղությամբ։ Այդ մարդիկ Ուֆայում և Տոմսկում Ալեքսեյ Նավալնիի շտաբի նախկին ղեկավարներն են՝ Լիլիա Չանիշևան և Քսենիա Ֆադեևան, ինչպես նաև «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերեպության ներկայացուցիչ Օլեգ Օռլովը և նկարիչ Սաշա Սկոչիլենկոն։ Բոլորն էլ դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման և պատիժը կրում էին Ռուսաստանի տարբեր մարզերում։

Դատապարտյալների տեղափոխության մասին նախապես չէր հայտարարվել, և նրանց հանկարծակի տեղաշարժի մասին լուրը անակնկալ էր փաստաբանների ու հարազատների համար։

Երեքշաբթի անհետ կորածների ցանկին ավելացան ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, ով ութ տարվա ազատազրկման է դատապարտվել ռուսական բանակի մասին իբր կեղծիքներ հրապարակելու համար (նրան անհայտ ուղղությամբ տարել են Սմոլենսկի մարզի ուղղիչ գաղութից), ինչպես նաև 19-ամյա Քևին Լիկը, որը գտնվում էր Արխանգելսկի մարզի գաղութում։ Լիկը Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացի է։

Նախորդ երկու օրվա ընթացքում յոթերորդ քաղբանտարկյալը, ում գտնվելու վայրն անհայտ է դարձել, Սանկտ Պետերբուրգից նկարիչ և ակտիվիստ Դանիիլ Կրինարին է, որը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել՝ օտարերկրյա պետության հետախուզական ծառայության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ համագործակցության հոդվածներով։ Նրան անհայտ ուղղությամբ տարել են «Կապոտնյա-7» քննչական մեկուսարանից՝ հայտնում է ակտիվիստին աջակցող խումբը։

Ռուսաստանցի իրավապաշտպան Աննա Կարետնիկովայի խոսքով, նման ու համաժամանակյա «անհետացումները» չեն կարող պատահականություն լինել։

«Չեմ բացառում ավելի վատ տարբերակներ։ Ռուսաստանյան քրեակատարողական համակարգում մարդիկ գաղութից տեղափոխվում են մի շարք դեպքերում, օրինակ՝ նախնական կալանքի վայր՝ դատավարական գործողությունների համար, ինչպես վերջերս եղավ մեկ այլ քաղաքական գործչ՝ Ալեքսեյ Գորինովի հետ։ Կարող են նաև հոգեբուժարան ուղարկել։ Ուստի, մտահոգ եմ»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Կարետնիկովան։

Մեր զրուցակիցը, սակայն, չբացառեց, որ կարող է խոսք գնալ փոխանակման մասին. «Առանց ներքին տեղեկության դժվար է կոնկրետ բան ասել: Դժվար է խոսել հնարավոր փոխանակումից: Կարելի է ենթադրել, որ Կրեմլին և Պուտինին, իրոք, ինչ-որ մեկը հարևկավոր է, սակայն պարտադիր չէ, որ նրանց փոխանակեն ըստ ցուցակի՝ ասենք 35 հոգուն 35 հոգու հետ, ինչպես ռազմագերիների պարագայում է: Բացի այդ, փոխանակում կարող է լինել ոչ թե ինչ-որ մեկի, այլ ինչ-որ բանի համար: Եթե, իրոք, գործ ունենք փոխանակման հետ, ապա չպետք է զարմանալ, որ ամեն ինչ կատարվի հանկարծակի և գաղտնի, ու այստեղ ոչ մի արտառոց բան չկա»։

Իրավապաշտպանի խոսքով, ռուսաստանյան քրեակատարողական հիմնարկում կարգն այնպես է, որ բանտարկյալների հարազատները, փաստաբանները և հասարակությունը մինչև վերջին պահը տեղյակ չեն լինում տվյալ մարդու մասին. «Մարդը պարզապես անհետանում է։ Կորչում են նաև օրենքով սահմանված բոլոր իրավունքները։ Հարազատներն ու փաստաբանները զրկվում են բանտարկյալի գտնվելու վայրը պարզելու հնարավորությունից։ Պատմականորեն այն ոչ թափանցիկ համակարգ է»։

Աննա Կարետնիկովան չբացառեց, որ բոլոր անհետ կորածները կարող են փոխանակման շրջանակում ազատ արձակվել ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի հետ միասին։

Իրավապաշտպանը հատուկ անդրադարձավ ճաղերի հետևում գտնվող ռուսաստանցի մեկ այլ ընդդիամդիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային, որի վերաբերյալ վաղուց տեղեկություններ չկան՝ հույս հայտնելով, որ Կարա-Մուրզան նույնպես կարող է լինել փոխանակվողների ցանկում։

Մեկ այլ հայտնի ռուսաստանցի իրավապաշտպան, ով «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում չցանկացավ հրապարակել իր անունը, կարծիք հայտնեց, որ եթե նման փոխանակում լինի, «հրաշք տեղի կունենա»։

Իրավապաշտպան, լրագրող Օլեգ Էլանչիկն էլ «տարօրինակ» բնութագրեց կատարվածը։

«Կարղ ենք միայն ենթադրություններ անել։ Կարող է լինել փոխանակման նախապատրաստություն, բայց կարող է նաև լինել ինչ-որ նոր հրաման՝ մեկուսացնել հայտնի բանտարկյալներին: Իրավապաշտպանները պարտավոր են նման իրավիճակներում հիմք ընդունել վատագույն տարբերակը և տեղեկություններ պահանջել բանտարկյալների մասին»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրուցում ասաց Էլանչիկը։

Լրագրողը, միաժամանակ, չաբացառեց, որ փոխանակման պարագայում ոմանց, օրինակ՝ Իլյա Յաշինին, կարող են փոխանակել հակառակ իրենց կամքի, քանզի Կրեմլին դժվար թե հետաքրքրի քաղբանտարկյալների կարծիքը։ Հայտնի է, նախկինում Յաշինը հայտարարել էր, թե չի ցանկանա, որ իրեն փոխանակեն, որովհետև մտադիր է մնալ Ռուսաստանում։