Ի՞նչ արտաքին քաղաքականություն է վարելու Վաշինգտոնը ամերիկյան նոր վարչակազմի օրոք, և ո՞ր ուղին կընտրի Սպիտակ տունը՝ ազատ աշխարհի առաջնորդի կարգավիճա՞կ, թե՞ պրագմատիկ մեկուսացում։
Այս հարցերին պատասխանելու համար Քարնեգի հիմնադրամը՝ Carnegie Endowment for International Peace-ը փորձագետների խումբ է հրավիրել Վաշինգտոն՝ պանելային քննարկման։ Քարնեգի հիմնադրամը մասնավոր ոչ առևտրային կազմակերպություն է՝ վերլուծական կենտրոն, որի գլխավոր նպատակը, ինչպես նշված է հիմնադրամի կայքում, «աշխարհի երկրների միջև համագործակցության խթանումն է»։ Հիմնադրամը ստեղծվել է 1910 թվականին, և մասնաճյուղեր ունի Վաշինգտոնում ու աշխարհի մի շարք այլ մայրաքաղաքներում։ Մինչև վերջերս հիմնադրամը մասնաճյուղ ուներ նաև Մոսկվայում։ 2023 թվականին Մոսկվայի Քարնեգի կենտրոնը Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից ներառվեց «օտարերկրյա գործակալների» ցուցակում և դադարեցրեց աշխատանքը։
Փազլ և դատարկություն
«Մեծ փոփոխություններ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ. հնարավորություններ և խոչընդոտներ նոր վարչակազմի համար» խորագրով քննարկումը բացել է մոդերատոր Քրիստոֆեր Չիվիսը՝ Քարնեգի հիմնադրամում պետականաշինության ծրագրի ղեկավարը։ Նա ավելի քան քսան տարի աշխատել է ԱՄՆ ազգային անվտանգության, պաշտպանության և դիվանագիտության կառույցներում, ներառյալ՝ Հետախուզության հարցերով ազգային խորհրդում, RAND-ում և Պենտագոնում։
Չիվիսը ներկայացրել է իր և հիմնադրամի գործընկերների հեղինակած զեկույցը՝ ամերիկյան արտաքին քաղաքականության ռազմավարական փոփոխությունների մասին։
Զեկույցի համահեղինակն է Սթիվեն Վերթհայմը՝ պատմաբան, քաղաքագետ, նորագույն պատմության մասին մի քանի գրքերի հեղինակ և ԱՄՆ առաջատար համալսարանների հրավիրյալ դասախոս։
«Զեկույցում առանցքային միտքը ԱՄՆ դերը համաշխարհային ասպարեզում փոխելու անհրաժեշտությունն է։ Ավելի շատ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ են ընդունում, որ այդ փոփոխությունները հասունացել են։ Դեռ Օբամայի վարչակազմի օրոք խոսվում էր Եվրոպայից Ասիա ռազմավարական ուղղությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ կապված Չինաստանի աշխարհաքաղաքական դերի ուժեղացման հետ։ Սակայն գործնական առումով քիչ բան է փոխվել այս տարիների ընթացքում։ Ինչու՞։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ մեր ռազմավարական շահերը առչնվում են մոլորակի գրեթե բոլոր տարածաշրջաններին, այլ ոչ միայն Եվրոպային ու Ասիային։ Սա այնպիսի մոնումենտալ փազլ է, որը չի հանդուրժում դատարկ տեղեր։ Շատերը կարծում են, որ մենք պարզապես դատապարտված ենք մնալ համաշխարհային առաջնորդի դերում, և այստեղ արմատապես նոր բան չես մտածի։ Իսկ, այսպես ասած, մի կողմ քաշվելու և ներքին խնդիրների շրջանակում պարփակվելու փորձերը, միևնույն է, կհանգեցնեն մեր միջամտությանը տարածաշրջանային հակամարտություններին, միայն թե դա մեզ վրա ավելի թանկ կնստի բոլոր առումներով»,- ասել է Չիվիսը։
«Քարնեգիում պետականաշինության մեր նախագիծը ուսումնասիրում է հիմնական դրվագները Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ Միացյալ Նահանգները որդեգրում էր նոր ռազմավարություն։ Նման ճգնաժամային դրվագները մի քանիսն էին, որոնցից հինգը առանձնացրել ենք մեր զեկույցում։ Ուշագրավն այն է, որ ցանկացած փոփոխության հիմնական հակառակորդը Վաշինգտոնի բյուրոկրատական մեքենան էր՝ ներառյալ Կոնգրեսը։ Ընդհանրապես, մարդկանց բնորոշ է իներցիան, ինչ-որ բան փոխելու բնազդային դժկամությունը։ Եվ արտաքին քաղաքականության ոլորտը բացառություն չէ»։
Քայլ առ քայլ
Սթիվեն Վերթհայմը արտաքին քաղաքականության արմատական փոփոխության ամենախոսուն օրինակն է համարում Բուշ-կրտսերի վարչակազմի կողմից հայտարարված գլոբալ պատերազմը ահաբեկչության դեմ։
«2001 թվականի սեպտեմբերի 11-ը ճակատագրական իրադարձություն էր։ [ԱՄՆ] իշխանությունները հասկացան, որ պետք է արձագանքել ողբերգությանը, ինչ-որ քայլեր անել և անել անհապաղ։ Նեոպահպանողականները, որոնք վաղուց խոսում էին Մերձավոր Արևելքից եկող սպառնալիքին պրոակտիվ կերպով դիմակայելու անհրաժեշտության մասին, հիանալի հնարավորություն ստացան՝ իրականացնել իրենց ծրագրերը։ Իրաքի պատերազմը խոցելի է քննադատների առջև, սակայն այն դարձավ Սպիտակ տան նոր արտաքին քաղաքականության իրականացման օրինակ»։
Վերթհայմը բերեց նաև արտաքին քաղաքականության ուղղությունը փոխելու անհաջող փորձի օրինակ, այն է՝ Հարավային Կորեայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու նախագահ Քարթերի ծրագիրը։
«Քարթերն այն ժամանակ առաջնորդվում էր Վիետնամի պատերազմի կրկնության մտավախություններով և իրավապաշտպան գաղափարներով։ Սակայն նա չկարողացավ համոզել վաշինգտոնյան բյուրոկրատիային, ինչպես օրենսդիր կառույցներում, այնպես էլ գործադիր իշխանության մարմիններում։ Հարավային Կորեայից հեռանալու նրա թույլ հիմնավորված գաղափարի դեմ այնքան մարդիկ հանդես եկան, որ Քարթերը ստիպված եղավ հրաժարվել դրանից»։
Իսկ ահա, մտածված և հմուտ ռազմավարության հաջող իրականացման օրինակ, Վերթհայմի կարծիքով, կարող է ծառայել նախագահ Քլինթոնի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման ուղին։
«Քլինթոնը չէր շտապում՝ հանգամանալի կշռադատելով իր յուրաքանչյուր քայլը։ Հիշենք, ՆԱՏՕ-ին Լեհաստանի, Չեխիայի և Հունգարիայի անդամակցությանը նախորդեց զանգվածային քարոզարշավը մամուլում և լոբբինգը իշխանության միջանցքներում։ Շահագրգռված մյուս երկրները «հերթ կանգնեցին» ՆԱՏՕ-ին միանալու համար՝ հրապուրված անվտանգության հավաքական երաշխիքներով։ Այն ժամանակ ռազմական բլոկի ընդլայնումն ընթանում էր առանց լարվածության մեծացման, այնպես որ նույնիսկ Ռուսաստանը փաստացի չուներ իր դժգոհությունն արտահայտելու առիթ»։
Ճակատագրի օղակը
Արտաքին քաղաքականության նոր ուղղություն ուրվագծելու մարտահրավերների մասին խոսել է ԱՄՆ ազգային անվտանգության ոլորտում մոտ երեք տասնամյակ աշխատած Բեթ Սաները։ Նրա կարիերայի գագաթնակետը ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի տեղակալի պաշտոնն էր՝ 2019-2021 թվականներին։ Ներկայում, նա International Capital Strategies մասնավոր խորհրդատվական ընկերության աշխարհաքաղաքականության գծով տնօրենն ու համագործակցում է The German Marshall Fund-ի հետ։
«Լինելով Բրենթ Սքոուքրոֆթի երիտասարդ աշխատակիցը, երբ նա ազգային անվտանգության հարցերով [ԱՄՆ] նախագահի խորհրդականն էր, անձամբ համոզվեցի, որ շատ կարևոր է կանխատեսել վարչակազմի այն ներկայացուցիչների արձագանքը, որոնք չեն կիսում քո հայացքները։ Հիանում էի Բրենթով, նրա սևեռվածությամբ ռազմավարության հարցերի ուղղությամբ։ Իսկ երբ Սպիտակ տուն են գալիս Թրամփի նման ոչ համակարգային օտարականները, նախագահի շրջապատում տեսակետների և դիրքորոշումների բախումը դառնում է կրիտիկական։ Արտաքին քաղաքականության մեջ ոչ ուղղափառ գաղափարների առաջ մղումը՝ առանց Վաշինգտոնի բյուրոկրատիայի աջակցության, գրեթե անհնար է, հատկապես, երբ Սպիտակ տունն ու Կոնգրեսը ղեկավարում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ»։
Իր ելույթում Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Դանսը, որը ԱՄՆ ֆինանսների նախարարության միջազգային հարցերով նախկին խորհրդականն է, մտաբերեց հին ժամանակները, երբ աշխատում էր Քարնեգի հիմնադրամի նախկին ղեկավարի հետ և նույնիսկ աշխատություն էր գրել խորհրդային Կենտրոնական Ասիայում «բասմաչություն» շարժման մասին։ Երիտասարդ տարիներին Դանսը սովորել է ռուսերեն, հետաքրքրվել է Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության հանրապետություններով, թեև, ինչպես ինքն է խոստովանում, ռուսական արմատներ չունի։
«Եվ ահա, տարիներ անց ճակատագրի օղակը փակվեց, և ես կրկին Քարնեգիի գործընկերների հետ եմ։ Պետք է նշեմ, որ խնդրո առարկա հարցին իմ մոտեցումը փոքր-ինչ տարբերվում է զրուցակիցներիս տեսակետներից։ Իմ կարիերայի մեծ մասը աշխատել եմ մասնավոր հատվածում՝ զբաղվելով վենչուրային ներդրումներով։ Իսկ դա մեծ ռիսկերի հետ կապված բիզնես է։ Եղել եմ Թրամփի կողմից նշանակված անձ։ Բացի այդ, մոտ մեկ տարի աշխատել եմ Բայդենի վարչակազմի հետ։ Պետական կառույցներում աշխատանքն ինձ շատ բան է սովորեցրել։ Նախ՝ այն գիտակցումը, որ ըստ էության սեյլսմենի՝ վաճառողի, կարգավիճակում եմ։ Դու պետք է ղեկավարներիդ վաճառես գաղափար կամ հայեցակարգ։ Գիտե՞ք, թե որն է դրա լավագույն միջոցը։ Պետք է գաղափարի հեղինակ կամ համահեղինակ դարձնես այն մարդուն, որին այն առաջարկում ես։ Վաշինգտոնում շատ բանի կհասնես, եթե յուրացնես այդ պրակտիկան»։
Ուկրաինայի և Գազայի գործոնները
Քննարկման մասնակիցներն իրենց խոսքում ընդգծեցին, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և ԱՄՆ օգնությունը ուկրաինացի ժողովրդին ամենակարևոր գործոնն է, որը մեծապես կորոշի Ամերիկայի աշխարհաքաղաքական ուղին տեսանելի հեռանկարում։
Սթիվեն Վերթհայմը հիշեցրեց՝ նախագահական աթոռի համար մրցակիցներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում խիստ տարբերվում են։ Դատելով Թրամփի հայտարարություններից՝ նա չափազանց բացասական է տրամադրված ՆԱՏՕ-ի նկատմամբ և մտադիր է պահանջել եվրոպական երկրներից «բեռի վերաբաշխմում» իրականացնել։ Խոսվում է անգամ Հյուսիսատլանտյան դաշինքը լքելու Թրամփի սպառնալիքի մասին։ Ինչ վերաբերում է Բայդենի կողմից Ուկրաինային խոստացված ֆինանսական և ռազմական օգնությանը, ապա Թրամփն ակնհայտորեն տրամադրված է կրճատել այն։
«Թերևս, Թրամփը հաճախ է իրարամերժ պնդումներ անում, և նրա հայտարարությունները չի կարելի միանշանակ ընդունել»,- նկատել է Վերթհայմը։
Նրա կարծիքով՝ եթե Սպիտակ տան ղեկը ստանձնի Քամալա Հարիսը, ապա նա ստիպված կլինի յուրացնել նախկինում իր համար գրեթե անծանոթ մի ուղղություն։ Այս պարագայում խոսքը նախևառաջ Գազայի հակամարտության մասին է։
«Այստեղ ամեն ինչ սերտորեն փոխկապակցված է՝ և «Համասը» և՛ «Հեզբոլլահը» Իրանի հետ են, և, իհարկե, հութիները։ Տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է։ Հարիսի կաբինետը ստիպված կլինի հընթացս մշակել մերձավորարևելյան ռազմավարություն նոր սերնդի համար։ Կարծում եմ, Աֆղանստանից ԱՄՆ հապճեպ հեռանալու բացասական փորձը՝ ամերիկյան զինծառայողների շրջանում մեծ թվով զոհերով, կարող է մեկնարկային կետ դառնալ արտաքին քաղաքականության ուղղության շտկման համար»։
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներին դժվար փորձություն է սպասվում արտաքին քաղաքական ծրագրերի իրականացման հարցում, հատկապես այն ծրագրերի, որոնք փոխում են երկրի շարժման վեկտորը։
«Մենք հրաշալի գիտենք, թե որքան ծանրաշարժ կարող է լինել վաշինգտոնյան բյուրոկրատիան։ Իներցիան հաղթահարելու համար զգալի ջանքեր կպահանջվեն։ Եվ, իհարկե, սկզբունքորեն կարևոր կլինի Կոնգրեսի երկու պալատներում դեմոկրատների և հանրապետականների ձայների հավասարակշռությունը»,- ընդգծել է Բեթ Սաները։