Մոսկվայում ձերբակալվել է բողոքի ցույցի ավելի քան 100 մասնակից

Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայում «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտակայքում անցկացված ցույցի ավելի քան 100 մասնակից, որոնք դուրս են եկել փողոց՝ արտահայտելու իրենց բողոքը ռուսական «Էն-Տե-Վե» հեռուստաընկերության եթերում ցուցադրված վավերագրական «Բողոքի անատոմիա» անվանմամբ ֆիլմում ներկայացված տեղեկատվությամբ:

Մոսկվայի ամենախոշոր հեռուստակենտրոնի՝ «Օստանիկինո»-ի մոտակայքում կիրակի օրն անցկացված բողոքի չարտոնագրված ցույցին մասնակցել է մոտ 1 000 մարդ, որոնք վանկարկել են «Ամո՛թ Էն-Տե-Վե-ին» և «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսները:

Ձերբակալվածների թվում են Ռուսաստանի «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովն ու ընդդիմադիր Բորիս Նեմցովը, որոնք ժամանել էին հեռուստակենտրոնի մոտ՝ երկրի ընդդիմադիր ուժերի մասին պատմող «Բողոքի անատոմիա» վավերագրականի ցուցադրման դեմ բողոքողներին աջակցություն ցուցաբերելու համար:

36 րոպե տևողությամբ «Բողոքի անատոմիա» վավերագրական ֆիլմը «Էն-Տե-Վե» հեռուստաալիքով ցուցադրվել էր հինգշաբթի երեկոյան հեռարձակված «Արտակարգ դրություն. հետաքննություն» հեռուստածրագրի ընթացքում:

Ֆիլմը պատմում է Մոսկվայի Նովի Արբատ փողոցում «Հանուն ազնիվ ընտրությունների» մարտի 10-ին անցկացված բողոքի ցույցի մասին՝ հայտնելով, թե «Ներքին գործերի գլխավոր վարչության գնահատականների համաձայն, ցույցի մասնակիցների թիվը չէր կազմում 10 հազար մարդ, այդ իսկ պատճառով ընդդիմությունը ստիպված է վճարել իր կողմից անցկացվող ակցիաների մասնակիցներին»: Դրանից հետո ցուցադրվել են կադրեր, որտեղ իբր պատկերվել են փետրվարի 26-ին «Մեծ սպիտակ շրջան» ֆլեշմոբի՝ մեծ թվով մարդկանց մասնակցությամբ կարճ ժամանակով անցկացվող ակցիայի մասնակիցներին գումարների փոխանցումը:

Բացի դրանից, վավերագրական ֆիլմում նշվել է, որ Մոկսվայում ցույցերն անցկացվում են ԱՄՆ-ի արտգործնախարարության միջամտությամբ, որի աշխատողներին հետ իբր համագործակցում են ընդդիմության առաջնորդները:

«Facebook» կայքում համացանցի զայրացած օգտվողները ստեղծել են «Հայց ընդդեմ «Էն-Տե-Վե»-ի» անվանմամբ մի խումբ:

Արձագանքելով հեռուստաընկերության կողմից ցուցադրված վավերագրական ֆիլմին, ընդդիմության քաղաքական բազմաթիվ գործիչների նախատեսում են դատական հայց հարուցել «Էն-Տե-Վե»-ի դեմ: