Միթ Ռոմնին վերջին երկու տարվա ընթացքում վաստակել է 42 միլիոն դոլար

Միթ Ռոմնին՝ նախընտրական արշավի ընթացքում (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության կողմից նախագահական թեկնածու ընտրվելու համար պայքար վարող Միթ Ռոմին հրապարակել է դաշնային հարկերը վճարելու մասին իր հայտարարագիրը:

Հայտարարագրում նշված է, որ վերջին երկու տարվա ընթացքում Ռոմնին վաստակել է 42 միլիոն դոլար և վճարել մոտ 6,2 միլիոն դոլարի հարկ:

Ռոմնիի և իր տիկնոջ՝ Էննի երեքշաբթի առավոտյան հրապարակված հարկային փաստաթղթերի համաձայն, 2010 թվականին հարկվել է իրենց եկամտի 13,9 տոկոսը և սպասվում է, որ 2011 թվականին կհարկվի Ռոմնիի և իր տիկնոջ կողմից վաստակած եկամտի 15,4 տոկոսը, ինչը զգալիորեն ցածր է սովորական աշխատողների աշխատավարձի հարկերի դրույքաչափից, որը կազմում է 35 տոկոս:

Հրապարակված փաստաթղթերի համաձայն, Ռոմիի եկամուտ է ստացել հիմնականում տարբեր ներդրումներ կատարելու արդյունքում, իսկ իր անձնական կարողությունը կազմում է 190-ից 250 միլիոն դոլար:

Բացի դրանից, այս ժամանակահատվածում Ռոմնին բարեգործական նպատակներով հատկացրել է մոտ 7 միլիոն դոլար: Այս միջոցները հիմնականում հատկացվել են Մորմոնական եկեղեցուն, որի ազդեցիկ անդամներից է Ռոմնին:

Միթ Ռոմնին հարկային իր փաստաթղթերը հրապարակելու մասին որոշում է կայացրել Հարավային Կարոլինա նահանգում անցյալ շաբաթ անցկացված նախնական ընտրությունների հերթական փուլում մեկ այլ թեկնածուին՝ Նյութ Գինգրիչին պարտվելուց հետո: Գինգրիչը քիստ քննադատության էր ենթարկել Ռոմնիին՝ հարկային փաստաթղթերը հրապարակել հրաժարվելու համար:

Սպասվում է, որ Ռոմնիի հսկայական կարողությունը կհրահրի Ամերիկայում հետզհետե աճող անհավասարության մասին քննարկումները:

Ռոմնիի ընդդիմախոսների համաձայն, ներդրումային մասնավոր իր ընկերությունը ձեռք է բերել մի շարք ձեռնարկություններ, որոնց աշխատողներն ազատվել էին աշխատանքից, սակայն միևնույն ժամանակ նման գործարքները եկամտաբեր են եղել իր և ներդրողների համար: