Միթ Ռոմնին հաղթանակ է ակնկալում Իլինոյսում

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության կողմից թեկնածու ընտրվելու հույս ունեցող Միթ Ռոմինին ակնկալում է հաղթանակ տանել Իլինոյս նահանգում այսօր կայանալիք հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում:

Հասարակական կարծիքի հարցումների արդյունքների համաձայն, Իլինոյս նահանգում Ռոմինին 15 կետով առաջ է իր հիմնական հակառակորդ Ռիք Սանտորումից:

Իլինոյս նահանգում հաղթանակ տանելու դեպքում Ռոմնին կկարողանա ստանալ 54 պատվիրակի ձայնը, ինչն ավելի մեծ թափ կհաղորդի իր ընտրարշավին:

Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Ռոմնին մինչ այժմ ստացել է պատվիրակների 521, իսկ Սանտորումը՝ 253 ձայն:

Հանրապետական երկու այլ թեկնածու՝ Նյութ Գինգրիչն ու Ռոն Փոլը զգալիորեն հետ են մնում առաջատարներից:

Ռոմնին երկուշաբթի օրն Իլինոյս նահանգում անցկացված նախընտրական արշավի շրջանակներում հանդիպել է ընտրողների հետ՝ հորդորելով վերջիններիս աջակցություն ցուցաբերել իր թեկնածությանը:

«Ցանկանում եմ վերականգնել Ամերիկան աշխարհի ամենահզոր պետությունը դարձրած սկզբունքները, որոնցից է՝ մարդիկ չպետք է ծախսեն իրենց աշխատած գումարը գերազանցող գումար», - ասել է հանրապետական թեկնածու Ռոմնին: