Աֆղանստանում ԱՄՆ-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Աֆղանստանում շարունակվող պատերազմում հնարավոր է հաղթել, նույնիսկ եթե Պակիստանի զինված ուժերը լրացուցիչ գործողություններ չձեռնարկեն ցեղախմբերի կողմից վերահսկվող տարածաշրջաններում:
Լրատվամիջոցների հետ Պենտագոնում անցկացված հանդիպման ընթացքում գեներալ Դեյվիդ Ռոդրիգեսը ցանկություն է հայտնել, որ Պակիստանի ուժերն առավել ակտիվ գործողություններ ձեռնարկեն Աֆղանստանի սահմանի մոտակայքում գտնվող զինյալների ապահով ապաստարանները ոչնչացնելու ուղղությամբ:
Ռոդրիգեսը սակայն շեշտել է, որ նույնիսկ եթե Պակիստանի ուժերը չմտնեն ցեղախմբերի կողմից վերահսկվող շրջաններ, օրինակ` Հյուսիսային Վազիրիստան, այն ազդեցություն չի ունենա Աֆղանստանի տարածքում թալիբներին պարտության մատնելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի վրա:
Ռոդրիգեսն ավելացրել է, որ իր հրամանատարության տակ գտնվող ուժերն անցյալ տարի հաջողությունների են հասել և ձմեռային շրջանում, օգտվելով մարտական ակտիվ գործողությունների բացակայությամբ, նախապատրաստում են զինյալների գարնանային հարձակումներին խոչընդոտներ ստեղծելուն ուղղված միջոցառումներ:
Ռոդրիգեսն ասել է նաև, որ անցյալ տարի Աֆղանստանում հաջողվել է ընդլայնել անվտանգության գոտիները և բարելավել երկրի բնակիչների կյանքը` շնորհիվ Աֆղանստանում տեղական և միջազգային ուժերի թվի ավելացման և քաղաքացիական գործակալությունների հետ համագործակցության մակարդակի բարելավման: