«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը մեղադրել է Սիրիայի կառավարությանը պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ:
Կազմակերպության համաձայն, Սիրիայի կառավարական ստորաբաժանումները և կառավարությանը սատարող զինյալները Իդլիբ նահանգում մարտ ամսվա վերջից մինչև ապրիլ ամսվա սկիզբը՝ մինչև ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի միջնորդությամբ զինադադարի պայմանագրի ուժի մեջ մտնելը սպանել են քաղաքացիական առնվազն 95 անձ:
Մերձավոր Արևելքի գծով «Human Rights Watch»-ի փոխտնօրեն Նադմի Հուռիի համաձայն, սպանություններն իրականացրել են՝ գյուղացիներին շրջափակելու և նրանց ուղղությամբ կրակ բացելու միջոցով:
«Ունենք առանց դատարանի որոշման քաղաքացիական առնվազն 35 անձի մահապատիժն իրականացնելու մասին փաստաթղթեր: Սրանք այն մարդիկ են, որոնք ընկել են անվտանգության կամ զինված ուժերի ձեռքը և գնդակահարվել իրենց տներից դուրս բերվելուց հետո», - ասել է Հուռին:
Նա հայտնել է նաև, որ Սիրիայի կառավարական ուժերի թիրախն ըստ էության դարձել են ընտանիքներն ու համայնքները:
«Հավաքել ենք տների կանխամտածված այրման կամ ոչնչացման բազում դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր. դա տեղի է ունեցել ոչ թե հրետանային կրակի, այլ զինծառայողների կողմից տները կրակի մատնելուն ուղղված գործողությունների պատճառով», - ասել է Մերձավոր Արևելքի գծով «Human Rights Watch»-ի փոխտնօրեն Նադմի Հուռին:
Սիրիայի կառավարությունը պդնում է սակայն, որ պայքար է մղում «զինված ահաբեկիչների» դեմ և իրավունք է վերապահում պաշտպանելու պետությունը զինյալներից՝ չնայած զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածության: