Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Սիրիայում զույգ պայթյունների պատճառով


Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում հինգշաբթի օրը որոտացած զույգ պայթյունների պատճառով զոհվել է ավելի քան 55, վնասվածքներ ստացել՝ 370 մարդ:

Այս հարձակումները Սիրիայում 14 ամիս առաջ սկսված ապստամբության ժամանակից մարդկային ամենամեծ զոհերի պատճառը դարձած հարձակումներն են:

Ըստ «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության, առավոտյան պիկ ժամին որոտացած պայթյուններն իրականացվել են անվտանգության ուժերի գրասենյակներից մեկի մոտ:

Սիրիայի կառավարությունը պայթյունների իրականացման մեջ մեղադրել է «ահաբեկիչներին», իսկ երկրի ընդդիմադիր հիմնական կազմակերպությունը՝ Սիրիայի ազգային խորհուրդն իր հերթին նույն մեղադրանքն է ներկայացրել կառավարական ուժերին:

Պայթյունները տեղի են ունեցել տասը վիրավորի պատճառը դարձած պայթյունից հետո, որն իրականացվել է Դերաա քաղաքում՝ ՄԱԿ-ի դիտորդների շարասյան մոտակայքում:

ՄԱԿ-ի դիտորդների առաքելության ղեկավար, նորվեգացի գեներալ-մայոր Ռոբերտ Մուդն այցելել է հինգաշբթի օրն իրականացված պայթյունների վայրը: Մուդը դատապարտել է երկրում իրականացվող բռնություններն ու հանգստություն պահպանելու կոչ է արել:

«Սա սարսափելի և ողբալի բռնություն է: Սիրիայի ժողովուրդն արժանի չէ նման արարքների», - ասել է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարը:

Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի շարունակվող բռնությունների հետևանքով զոհվել է ավելի քան 9 հազար մարդ:

Սիրիայի կառավարությունը երկրում շարունակվող խռովությունների մեջ մեղադրում է ահաբեկչական խմբավորումները:

XS
SM
MD
LG