Սիրիայի անվտանգության ուժերը գրոհել են հակակառավարական ցույցերի կենտրոններից մեկը

Սիրիայի անվտանգության ուժերը գրոհել են հակակառավարական ցույցերի կենտրոններից մեկը

«Կառավարական անվտանգության ուժերը գրոհել են Սիրիայի մայրաքաղաքի մի արվարձան, որը եղել է երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադի դեմ ուղղված ապստամբության կենտրոններից մեկը»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը՝ ասելով, որ հինգշաբթի օրը մեծ թվով զինծառայողներ են ժամանել Դամասկոսի արվարձան Դումա:

Իրավապաշտպան այս կազմակերպությունը նախկինում հայտնել էր, որ Դումայի նկատմամբ վերահսկողությունը շաբաթ օրը հաստատել էին Սիրիայի բանակի դասալիքների ստորաբաժանումները:

Արաբական պետությունների լիգան այս ընթացքում հայտնել է, որ Պարսից ծոցի պետություններից Սիրիա գործուղված դիտորդների դուրսբերման հանգամանքը չի խաթարի այս երկրում իրականացվող դիտորդական առաքելությունը:

Լիգայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ մեկ շաբաթվա ընթացքում Սիրիա կժամանեն դիտորդներ Մավրիտանիայից և Եգիպտոսից, ինչպես նաև պաղեստինցի դիտորդներ, որոնք փոխարինելու են դիտորդական առաքելությունում Պարսից ծոցի պետությունների ներկայացուցիչներին:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Պարսից ծոցի պետություններն ավելի հաճախ են կողմ հանդես գալիս Սիրիայում միջազգային հանրության միջամտության:

Ռուսաստանի իշխանությունները սակայն հայտնել են, որ չեն սատարի Սիրիայի նկատմամբ ուղղված միջազգային որևէ գործողություն, որը կներառի այս երկրի դեմ ուղղված որևէ պատժամիջոց կամ ռազմական միջամտություն:

Այս հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ պատժամիջոցների ընդունումը «ոչ ազնիվ և անարդյունավետ» կլինի:

Արտգործնախարար Լավրովի համաձայն, Ռուսաստանը կողջունի Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված «կառուցողական ցանկացած առաջարկ»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ելույթում նշել է, թե «կասկած չունի», որ Սիրիայի կառավարությունը շուտով կհասկանա, որ «փոփոխությունների ուժերը հնարավոր չէ հետադարձել»:

Նախագահ Օբաման իր ելույթում ասել է նաև, որ Մերձավոր Արևելքի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը, և որ Միացյալ Նահանգները «դեմ է հանդես գալիս բռնություններին և ահաբեկչության՝ սատարելով բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը»: