Արաբական լիգան կիրակի օրը քննարկում է Սիրիայում իր հատուկ առաքելության կողմից ներկայացված զեկույցը, որի արդյունքում սպասվում է 165 հոգանոց առաքելության գործունեության երկարաձգում։ Հավանաբար մեծացվի նաեւ առաքելության կազմը։
Լիգայի աշխատանքներին ներկա գտնվելու եւ պաշտոնատար անձանց հետ հանդիպելու նպատակով Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե է ժամանել նաեւ Սիրաիայի ընդդիմության ղեկավար Բուրհան Ղալիունը։ Նրա խոսքերով, եթե դիտորդական առաքելության զեկույցը լինի կողմնակալ, ընդդիմությունը կմերժի այն։
Սիրիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, երկրի բանակի շարքերը թողած մի խմբավորում գրավել է մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Դումա քաղաքը, սակայն ավելի ուշ՝ հետ քաշվել։
Լոնդոնից գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտերը սկսվել են այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը կրակ են արձակել հուղարկավորման մի արարողության մասնակիցների վրա՝ սպանելով թափորի 4 անդամների։