Ֆլորիդա նահանգում գտնվող քրիստոնեական փոքր եկեղեցու քահանան ասում է, որ չի նախատեսի իրականացնել Ղուրան այրելու արարողությունը, եթե կարողանա հանդիպել Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի վայրի մոտակայքում կառուցվելիք մահմեդական կենտրոնի իմամի հետ:
Թերի Ջոնսը հայտնել է ԱՄՆ-ի լրատվամիջոցներին, որ շաբաթ օրը ինքը նախատեսում է հանդիպել իմամի հետ: Սակայն Նյու Յորքի մահմեդական կենտրոնի իմամ Ֆեյսալ Աբդուլ Ռաուֆը ժխտում է հանդիպման անցկացման մասին լուրերը:
Իմամ Ռաուֆը հինգշաբթի օրը իր զարմանքն է հայտնել Ջոնսի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի մահմեդական առաջնորդները համաձայնվել են տեղափոխել մահմեդական մշակութային կենտրոնի և մզկիթի կառուցման վայրը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ուենցած ահաբեկչական հարձակման վայրից ավելի հեռու մի վայր: Ֆեյսալ Աբդուլ Ռաուֆն ասել է, որ այդպիսի պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Ի պատասխան իմամ Ռաուֆի հայտարարությանը, քահանա Ջոնսն ասել է, որ հարցի կարգավորմանն աջակցող Ֆլորիդա նահանգի մահմեդական հոգևորական իմամ Մուհամմադ Մուսրին ստել է: Սակայն իմամ Մուսրին ժխտել է քահանա Ջոնսին մոլորեցնելու մասին արված հայտարարությունը` ասելով, որ փորձում է կազմակերպել Նյու Յուրքում մահմեդական կենտրոնի կառուցմանը վերաբերող հանդիպում` իր, իմամ Ռաուֆի և քահանա Ջոնսի մասնակցությամբ: