Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը:
Վլադիմիր Պուտինը երկրի նախագահի պաշտոնն է զբաղեցնելու արդեն երրորդ անգամ:
Կրեմլում անցկացված երդմնակալության արարողության ընթացքում, որին մասնակցել է բարձր պաշտոններ զբաղեցնող մոտ երկու հազար հյուր, Պուտինը, ձեռքը դնելով երկրի Սահմանադրության վրա, երդվել է «հարգել և պաշտպանել ժողովրդի իրավունքներն ու ազատությունները»:
Երդմնակալության արարողությունից առաջ Մոսկվայում ընդունվել են անվտանգության խիստ միջոցներ:
Վլադիմիր Պուտինը 2008 թվականին Ռուսաստանի նախագահի պաշտոնն ազատելուց հետո զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Այս տարվա մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում նա զգայի առավելությամբ առաջ էր անցել այլ թեկնածուներից՝ հավաքելով ձայների մեծամասնությունը:
Ռուսաստանի ընդդիմությունը սակայն վիճարկել է ընտրություններում Պուտինի տարած հաղթանակը՝ «գողացած ընտրություններ» անվանելով դրանք:
Աշխարհի պետությունների առաջնորդները որոշ վերապահումներով են ընդունել Պուտինի հաղթանակը, իսկ միջազգային դիտորդները նշել էին, որ նախընտրական պայքարն անցկացվել էր Պուտինի օգտին հստակ «թեքումով»՝ ապահովելով նրան ձայների գերակշռող մեծամասնությունը:
ԵԱՀԿ-ի համաձայն, լրատվամիջոցներում Պուտինն ուներ հստակ առավելություն, իսկ ընտրություններին մասնակցել են սահմանափակ թվով թեկնածուներ, քանի որ գրանցման պահանջները խոչընդոտել են այլ թեկնածուների մասնակցությունը:
Կազմակերպությունը հայտնել էր նաև, որ ընտրատարածքների մեկ երրորդում ընտրակեղծիքներ են գրանցվել:
Պուտինի ընդդիմախոսների համաձայն, իր վերադարձը նախագահի պաշտոնին միշտ է նախատեսվել, և իրականում Պուտինը երբեք չի հրաժարվել իշխանությունից:
Ռուսաստանի սահմանադրությունում ընդունված փոփոխությունները թույլ են տալիս երկրի նախագահին պաշտոնավարել երկու վեցամյա ժամկետի ընթացքում, ինչը նշանակում է, որ Պուտինը կարող է մնալ Ռուսաստանի նախագահի պաշտոնում մինչև 2024 թվականը: Այս հնարավորությունն մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի բնակչության մի զգալի մասի մոտ: