Պակիստանի ամենամեծ Կարաչի քաղաքում էթնիկական հողի վրա և հանցախմբերի միջև տեղի ունեցող բախումների պատճառով երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն 30 մարդ:
Ոստիկանության տվյալների համաձայն, բռնությունները հիմնականում իրականացվում են Կարաչիի հարավային Լյարի շրջանում, որը համարվում է Պակիստանում իշխանության գլուխ կանգնած «Պակիստանի ժողովրդական կուսակցության» հենակետը, և որտեղ գործում են բազմաթիվ հանցախմբեր:
Կարաչի քաղաքում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սաստկացել են բռնությունները: Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, այս տարվա ընթացքում Պակիստանի ամենամեծ քաղաքում իրականացվող բռնությունների պատճառով զոհվել է ավելի քան 800 մարդ, որոնցից 200-ը զոհվել են միայն հուլիս ամսվա ընթացքում:
Պակիստանի իշխանությունների համաձայն, զոհերի պատճառ են դառնում բախումները էթնիկական երկու տարբեր խմբեր ներկայացող քաղաքական հիմնական կուսակցությունների միջև, որոնք, որոշ տվյալների համաձայն կապեր ունեն զինված հանցախմբերի հետ: