ԵԱՀԿ. «Հայաստանի ընտրությունները մրցակցային են և մեծ մասամբ խաղաղ»

«Կիրակնօրյա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում հատկանշվել են ակտիվ և մեծ մասամբ խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ և հիմնականում լրատվամիջոցների հավասարակշռված լուսաբանմամբ, սակայն քվեարկողների վրա գործադրված ճնշումը, ինչպես նաև բողոքների քննարկման անկատար գործընթացը ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ»:

Այս հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես է եկել Եվրոպայում անվտանության և համագործակցության կազմակերպությունը, որի դիտորդներն իրականացրել են Հայաստանում մայիսի 6-ին անցկացված խորհրդարանային ընտրությունների մոնիթորինգը:

Ըստ հաղորդագրության, դիտորդները արձանագրել են քարոզարշավի մի միջավայր, որտեղ հանրահավաքների և խոսքի ազատությունները հիմնականում հարգվել են և թեկնածուները շատ դեպքերում ազատ քարոզելու հնարավորություն են ունեցել: «Այնուամենայնիվ, քաղաքական կուսակցությունների և հասարակության մեծ մասի կողմից գործընթացի ամբողջականության նկատմամբ թերահավատությունը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ կազմակերպության, ընտրությունները անցկացվել են նոր Ընտրական օրենսգրքով, որն ապահովում էր ժողովրդավարական ընտրություններ իրականացնելու համար կայուն իրավական հիմք, սակայն շահագրգիռ մարմինները չեն իրականացրել նոր օրենքի կարևոր կողմերը, և այն եղանակը, որով քննվել են ներկայացված բողոքները, խարխլել է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի հիմքերը:

«Հայաստանն արժանի է գնահատվելու ընտրական ոլորտում իր բարեփոխումների, ինչպես նաև խաղաղ քարոզարշավ իրականացնելու համար, սակայն այս մրցավազքում շահագրգիռ որոշ կողմեր շատ հաճախ ձախողել են օրենքին համապատասխանելու գործելաոճը, մինչդեռ ընտրական հանձնաժողովները շատ հաճախ չեն կիրառել օրենքը», - ասել է ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար՝ Ֆրանսուա-Խավիեր դե Դոննեան՝ հավելելով. «Արդյունքում, այն միջազգային պարտավորությունները, որոնք Հայաստանը ազատորեն ստանձնել է, ոչ միշտ են հարգվել»:

Թեկնածուների գրանցման գործընթացը, ԵԱՀԿ-ի համաձայն, ընդհանուր առմամբ ամբողջական էր:

«Չնայած ընտրողների գրանցման ընթացակարգերին առնչվող բարելավված օրենսդրությանը, ըստ դիտորդների, ընտրացուցակների հնարավոր չարաշահումը ընտրակեղծիքների համար ավելացրել են գործընթացի նկատմամբ թերահավատությունը», - նշված է հաղորդագրությունում:

«Վաթսուն տոկոսը գերազանցող մասնակցությունը, տարբեր տարիքային խմբերի պատկանող քվեարկողների ներգրավումը, ինչպես նաև ընտրական գործընթացների հստակ ընկալումը երիտասարդների և տարեցների կողմից տպավորիչ է. այնուամենայնիվ, քվեարկության ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի կառավարման, քվեարկողների շարժի և քվեների տեղավորման ուղղությամբ որոշ քաղաքական կուսակցությունների լայնածավալ միջամտությունների վերաբերյալ հաղորդումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս», - ասել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար՝ Վինթերբորնի Բարոնուհի Նիքոլսոնը: - «Իշխանությունները պետք է հասցեագրեն այս անընդունելի վարքագիծը նախքան հաջորդ տարի անցկացվող նախագահական ընտրությունները»:

«Ես սրանից ավել չեմ կարող շեշտել, թե որքան կարևոր է տեսնել այս ընտրությունները և մեր նախնական եզրակացությունները ավելի լայն համատեքստում՝ դիտարկելով այն որպես գործընթացի սկիզբ այլ ոչ թե ավարտ», - ասում է Կշիշտոֆ Լիսեկը, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավարը: «Այսօր ներկայացվող նախնական մեր եզրակացությունները և ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի վերջնական առաջարկությունները, հրապարակվելու ժամանակից ի վեր պետք է ընկալվեն որպես նպատակ գալիք նախագահական ընտրություններում իրականացնելու համար»:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ քվեարկության օրը հիմնականում անց է կացվել հանգիստ և խաղաղ պայմաններում, բայց աչքի է ընկել կազմակերպչական խնդիրներով և գործընթացին հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անտեղի միջամտությամբ:

«Ընտրարշավը բաց էր և ապահովում էր հիմնարար ազատությունները, և լրատվամիջոցները իրականացրել են պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածի լայնածավալ և հավասարակշռված լուսաբանում», - ասում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան՝ ափսոսանք արտահայտելով, որ ընտրացուցակների ճշգրտության և Ընտրական օրենսգրքի անհավասար մրցակցային դաշտ ստեղծող խախտումների վերաբերյալ մտահոգությունները «ստվեր են գցել այս ամենի վրա»: