ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին համաձայնվել են, որ Հունաստանի պարտքի դիմաց այս երկրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր ծրագիրը կնպաստի եւրոպական ընդհանուր տարադրամի կայունացմանը։
Սպիտակ տունը տեղեկացնում է, որ այս հարցի շուրջ երկու նախագահները զրուցել են հեռախոսով։ Հիշեցնենք, որ այսպես կոչված հունական նոր ծրագիրն ընդունվել էր անցած հինգշաբթի օրը, Եւրոպական երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ։
Օբաման եւ Սարկոզին, մանրամասն ուսումնասիրելով հանդիպման արդյունքները, եկել են այն եզրակացության, որ կատարվել են եւրոյի կայունությունն ապահովելու եւ Եւրոպայում տնտեսության վերկանգնումն ապահովելու համար անհրաժեշտ քայլերը։
Եւրոպական Միությունը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը հինգշաբթի օրը հայտարարել էին, որ Հունաստանին կտրամադրեն եւս 155 միլիարդ դոլար եւ որ այս երկիրը կարող է նաեւ կամավոր վարկեր ստանալ մասնավոր ընկերություններից, հաղթահարելու համար տնտեսական ճեղքվածքը։