Նախագահ Օբաման ՄԱԿ-ում իր ելույթի ընթացքում անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին

ՄԱԿ-ում իր ելույթի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Միավորված ազգերի կազմակերպության կողմից այս տարի Իրանի միջուկային ծրագրի իրականացման պատճառով երկրի նկատմամբ ընդունված պատժամիջոցները «լոկ խոսքեր» չեն:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հինգշաբթի օրը իր ելույթի ընթացքում նախագահ Օբաման ասաց, որ Իրանը պատասխանատվություն է կրում միջազգային հանրության անդամի իր պարտականությունները չկատարելու համար:

ԱՄՆ-ի նախագահն ասաց, որ դեռևս հնարավորություն կա խնդիրը լուծել դիվանագիտական միջոցներով, և ավելացրեց, թե Իրանը պետք է ապացուցի, որ խաղաղ նպատակներով է իրականացնում միջուկային ծրագիրը:

Միջազգային հանրության բազմում անդամներ մեղադրում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ: Իրանը հերքում է այդ մեղադրանքները:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ արեց նաև սատարել Իսրայելի և պաղեստինցիների միջև մեկնարկած խաղաղության բանակցությունների գործընթացը, որպեսզի երկու կողմերը կարողանան մեկ տարվա ընթացքում կնքել խաղաղության համապարփակ պայմանագիր:

Իր ելույթում ԱՄՆ-ի նախագահը դիմեց պաղեստինյան պետությունը սատարող երկրներին` կոչ անելով «վերջ տալ Իսրայելը ոչնչացնելու փորձերին» և պաղեստինցիներին տրամադրել քաղաքական և ֆինանսական օժանդակություն:

Բարաք Օբաման նաև կրկին անգամ հնչեցրեց իր վարչակազմի տեսակետն այն մասին, որ Իսրայելը պետք է երկարաձգի պաղեստինցիների կողմից իրենց ապագա պետության համար նախատեսվող տարածքներում բնակավայրեր կառուցելու դադարը: