Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը և պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կիրակի օրը մասնակցել են ԱՄՆ-ի հեռուստատեսությամբ հեռարձակված մի քանի ծրագրում՝ պաշտպանելով Լիբիայում թռիչքազերծ գոտի հարկադրելու նպատակով դաշնակից ուժերի հրամանատարությունը գլխավորելու որոշումը։
Այս որոշման քննադատների և ԱՄՆ-ի քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների համաձայն, այն ընդունելուց առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետք է խորհրդակցեր Կոնգրեսի հետ։
Քլինթընն ու Գեյթսը սակայն շեշտել են, որ դաշնակիցների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում կանխվել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից ընդդիմադիրների սպանդը՝ նշելով, որ Քադաֆին պատրաստ էր վրեժխնդիր լինել իր դեմ դուրս եկածների նկատմամբ։
Բարձրաստիճան պաշտոնյաները նշել են նաև, որ Լիբիայում կատարվող բռնությունները կարող էին սպառնալիք դառնալ սահմանակից Եգիպտոսում և Թունիսում վերջերս տեղի ունեցած հեղափոխությունների միջոցով ձեռք բերված դրական արդյունքների համար։
Գեյթսի համաձայն, Լիբիայում ապստամբությունը ԱՄՆ-ի «կենսական շահ» ներկայացնող իրադարձություն չէ, սակայն դրա տարածաշրջանային ազդեցությունը արդարացնում է միջամտությունը։
ԱՄՆ-ի նախագահ Օբաման երկուշաբթի օրը հանդես կգա Լիբիայում ձեռնարկված գործողությունները բացատրելու նպատակ հետապնդող ուղերձով։