Նախագահ Օբաման ժամանել է Ֆրանսիա

Նախագահ Օբաման ժամանել է Ֆրանսիա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովին:

Երկօրյա գագաթաժողովի ընթացքում հիմնականում քննարկվելու է Հունաստանի պարտքային ճգնաժամը՝ խնդիր, որը պատճառ է դարձել աշխարհում տնտեսական աճի դանդաղեցման:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քերնին չորեքշաբթի օրն ասել է, որ Հունաստանում տեղի ունեցող զարգացումները վկայում են ճգնաժամի խնդիրը լուծելու համար Եվրոպայում միասնականության հասնելու անհրաժեշտության մասին:

Քերնին հույս է հայտնել, որ «Մեծ քսանյակ»-ի հանդիպման արդյունքում ընդհանուր նպատակների շուրջ հնարավոր կլինի հասնել միասնական կարծիքի: «Ակնհայտ է, որ այժմ Եվրոպայի խնդիրների լուծումն առաջնային է», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քերնին:

Վաշինգտոնից գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հիզեր Քոնլիի համաձայն, Հունաստանի կողմից պարտքի խնդրի շուրջ հանրաքվե անցկացնելու որոշումը լրացուցիչ ճնշում կգործադրի «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովի մասնակիցների վրա:

Եվրոպայի խնդիրներն անմիջական ազդեցություն են գործում Միացյալ Նահանգների տնտեսության վրա: ԱՄՆ-ի կենտրոնական բանկի՝ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե եվրոպական պետությունների ղեկավարները միշտ չէ, որ ընդունում են Վաշինգտոնի խորհուրդը, ինչը երբեմն կարող է «հիասթափություն առաջացնել»:

«Ներկայիս ստեղծված չափազանց բարդ իրավիճակին լուծում գտնելը, վերջ ի վերջո, Եվրոպայի պետությունների ղեկավարների ու տնտեսական քաղաքականությունը ձևավորողների պարտականությունն է», - ասել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն: