ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը նախընտրական արշավ է անցկացնելու` սատարելով Սենատի դեմոկրատական երկու թեկնածուների, որոնք ունեն բավականին ուժեղ հանրապետական մրցակիցներ:
Օբաման գլխավորելու է Լոս Անջելեսում անցկացվող սենատոր Բարբարա Բոքսերի նախընտրական արշավը, որից հետո մեկնելու է Նևադա` մասնակցելու Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդի նախընտրական արշավին:
Հասարակական կարծիքի հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Բոքսերը չնչին առավելություն ունի «Hewlett-Packard» տեխնոլոգիական հսկայի նախկին գործադիր տնօրեն Քարլի Ֆիորինայի նկատմամբ, իսկ սենատոր Ռիդին ընտրողների կողմից աջակցության վերաբերյալ վիճակագրական տվյալները գրեթե հավասար են նահանգի նախկին օրենսդիր Շարոն Էնգլին աջակցող ընտրողների տվյալներին: Վերջինիս մեծ աջակցություն է ցուցաբերում պահպանողական «Թեյի կուսակցություն» շարժումը:
Նախագահը մասնակցում է չորս օր տևողությամբ նախընտրական արշավին, որն անցկացվելու է հինգ նահանգներում և նպատակ է հետապնդում կասեցնել նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների ընթացքում հանրապետականների հնարավոր հաղթանակների ալիքը: