Թուրքիայի վարչապետը Չինաստանում քննարկելու է ատոմակայանի կառուցման հարցը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան (արխիվային լուսանկար)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Չինաստան, որտեղ բանակցություններ է անցկացնելու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տնտեսական և քաղաքական հարաբերությունների մերձեցման նպատակով:

Չինաստան կատարվող Թուրքիայի վարչապետի 27 տարվա մեջ առաջին այցելության ընթացքում Էրդողանը երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի, վարչապետ Վեն Ջիաբաոյի և փոխնախագահ Սի Ցզինպինի հետ:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի համաձայն, Էրդողանի այցելության ընթացքում որոշում կընդունվի Սև ծովի ափամերձ շրջանում ատոմակայանի շինարարությանը Չինաստանի մասնակցության մասին: Սպասվում է, որ ատոմակայանի շինարարության շուրջ բանակցությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան այս այցելության ընթացքում:

Պեկին այցելելուց առաջ Էրդողանը, գլխավորելով 300 գործարարի մասնակցությամբ պատվիրակությունը, կիրակի օրն այցելել է թուրքերին ազգական ույղուրներով բնակեցված Չինաստանի արևմտյան Սինցզյանի տարածաշրջան: Թուրքիան արտահայտել է Սինցզյանում արտադրական գոտի հիմնադրելու ցանկություն:

Էրդողանը Չինաստան կատարվելիք իր այցելությունը կավարտի Շանհայում: