Հյուսիսային Կորեան խոստացել է «մեկը մյուսի հետևից» արբանյակներ արձակել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները խոստացել են «մեկը մյուսի հետևից» արբանյակներ արձակել:

Այս հայտարարությամբ, ըստ հյուսիսկորեական Նորությունների կենտրոնական գործակալության, հանդես է եկել երկրի տիեզերագնացության գործակալության ղեկավարը՝ ասելով, թե Փխենյանը շարունակելու է արձակումները, որոնք, ըստ նրա, ուղեծիր օդերևութաբանական արբանյակ հանելու նպատակ են հետապնդում:

Ըստ Հյուսիսային Կորեայի տիեզերագնացության գործակալության, գիտնականներն արդեն իսկ հայտնաբերել են, թե ինչն է դարձել անցյալ շաբաթ հրթիռի արձակման ձախողման պատճառը՝ չտրամադրելով սակայն որևէ մանրամասն: Բացի դրանից, գործակալությունը չի հայտնել հրթիռի հաջորդ գործարկման որևէ ժամանակացույց:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել Հյուսիսային Կորեային՝ անցյալ շաբաթ գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռի արձակումն իրականացնելու համար:

Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևում անցյալ ուրբաթ իրականացված արձակումը « Փխենյանի կողմից բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների օգտագործումը սահմանափակելու նպատակով ընդունված Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպիտ խախտում» է անվանվել:

Բանաձևում նշվել է նաև, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումն առաջացրել է մտահոգություն Արևելյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ կողմից ընդունված բանաձևը պահանջում է, որպեսզի Հյուսիսային Կորեան ապագայում զերծ մնա բալիստիկ տեխնոլոգիա օգտագործվող հրթիռների արձակումից և հորդորում Փխենյանին «դադարեցնել միջուկային սպառազինության և միջուկային ոլորտին վերաբերող բոլոր ծրագրերը՝ համապարփակ, անշրջելի և ստուգման ենթակա եղանակով»: