Կիմ Ջոնգ Ունը՝ Հյուսիսային Կորեայի բանակի գերագույն հրամանատար


Կիմ Ջոնգ Ունն այսօր հայտարարվեց որպես Հյուսիսային Կորեայի զինված ուժերի գերագույն հրամանատար, ինչը նշանակում է, որ ստալինյան այս երկրում երկրորդ սերնդի իշխանության փոխանցումն իրականացվում է սահուն կերպով։

Կիմ Ջոնգ Ունին այս երկրում համարում են ՝՝հեղափոխության ժառանգորդ եւ ժողովրդի առաջնորդ՛՛։
Երկրի պետական թերթերը գրում են, թե Կիմ Ջոնգ Ունը երկիրը պիտի առաջ տանի ինքնավստահության ուղով՝ միաժամանակ շարունակելով հոր՝ Կիմ Ջոնգ Իլի ուսմունքը։ Թերթերը կոչ են անում ժողովրդին կանգնել երիտասարդ առաջնորդի կողքին եւ հավատարմորեն ենթարկվել նրա իշխանությանը։

Կիմ Ջոնգ Իլի կառավարման տարիներին Հյուսիսային Կորեան Արեւմուտքի համար դարձել էր մտահոգության առարկա, երկիր, որն ունի մեծ բանակ, հարավային իր հարեւանի՝ Հարավային Կորեայի նկատմամբ պատմական թշնամանք եւ միջուկային զենքեր արտադրելու գայթակղություն։

Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բակը հինգշաբթի օրը հույս է հայտնել, որ Հյուսիսում իրականացվող իշխանության անցումը կարող է երկու Կորեաների միջեւ հարաբերություններին հաղորդել որոշ ճկունություն։