Ի՞նչ է հայտնի Նավալնիի մահվան հանգամանքների մասին նրա մահից մեկ տարի անց

Ալեքսեյ Նավալնի

2024 թվականի փետրվարի 16-ին ուղղիչ գաղութում մահացավ Ալեքսեյ Նավալնին։ Ռուսաստանի իշխանությունները մինչ օրս քրեական գործ չեն հարուցել այդ փաստով։ Ինչպե՞ս է ընթանում քաղաքական գործչի մահվան պաշտոնական հետաքննությունը, և ի՞նչ են պարզել նրա համախոհներն ու լրագրողները։ Ժամանակագրություն։

2024 թվականի փետրվարի 16։
Ալեքսեյ Նավալնին մահացավ Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ ավանում գտնվող «Բևեռային գայլ» խիստ ռեժիմի գաղութում։ Քրեակատարողական դաշնային ծառայությունից՝ ՔԴԾ-ից հայտնեցին, որ այդ օրը զբոսանքի ժամանակ նա իրեն վատ է զգացել և «գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը»։ Բուժաշխատողներն իրականացրել են «վերակենդանացման միջոցառումներ, որոնք դրական արդյունք չեն տվել»՝ ասված է ՔԴԾ-ի հայտարարության մեջ։

2024 թվականի փետրվարի 17։
Նավալնիի մորը՝ Լյուդմիլային, տվել են քաղաքական գործչի մահվան մասին տեղեկանք, ուր ասված էր, որ նա մահացել է բնական պատճառներով։ Քննիչները հրաժարվել են նրան հանձնել որդու մարմինը՝ վկայակոչելով շարունակվող նախաքննությունը։ Նավալնիի համախոհները պնդում էին, որ նրա մարմինը թաքցնում են «սպանության հետքերը կոծկելու համար»։

2024 թվականի փետրվարի 19։
Նավալնիի այրին՝ Յուլյան, տեսաուղերձ է հրապարակել՝ մեղադրելով Վլադիմիր Պուտինին քաղաքական գործչի սպանության մեջ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեղադրանքները անվանել է «մերկապարանոց և լկտի»։

2024 թվականի փետրվարի 24։
Ընդդիմադիր գործչի մահից միայն 8 օր անց՝ հանրության կոչերի ճնշման ներքո նրա մարմինը հանձնեցին մորը։

2024 թվականի փետրվարի 26։
Նավալնիի հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամից հաղորդել են, որ ընդդիմադիր գործչի մահվանից առաջ բանակցություններ էին տարվում նրան ռուս քիլլեր Վադիմ Կրասիկովի հետ փոխանակելու շուրջ, որը Գերմանիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել սպանության համար։ Հիմնադրամից հայտնել են, որ Պուտինը չէր ցանկանում քաղաքական գործչին տեսնել ազատության մեջ և որոշել է ազատվել նրանից, որպեսզի հետագայում Կրասիկովի դիմաց մեկ ուրիշին առաջարկի։

2024 թվականի մարտի 4։
Ավելի քան 40 պետություն, այդ թվում՝ Եվրամիության երկրները, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն և Ուկրաինան, պահանջել են միջազգային հետաքննություն անցկացնել Նավալնիի մահվան կապակցությամբ, որի համար մեղադրում էին Պուտինին։ Անկախ հետաքննություն անցկացնելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել ՄԱԿ-ը։

2024 թվականի մարտի 17։
Պուտինը, առաջին անգամ անվանելով Նավալնիին ազգանունով՝ հաստատել է, որ արևմուտքում ռուսաստանցի բանտարկյալների հետ նրան փոխանակելու գաղափար եղել է, և ինքը համաձայնել է դրան՝ պայմանով, որ քաղաքական գործիչը չվերադառնա Ռուսաստան։ «Դե պատահում է, ոչինչ չես կարող անել», ասել է Պուտինը Նավալնիի մահվան մասին։

Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխանակում ի վերջո տեղի ունեցավ օգոստոսի 1-ին։ Ռուսաստանը վերադարձրեց Կրասիկովին և ռուսական հատուկ ծառայությունների այլ աշխատակիցներին՝ փոխարենը Եվրոպային և ԱՄՆ-ին փոխանցելով քաղբանտարկյալների, այդ թվում՝ ընդդիմադիրներ Վլադիմիր Կարա-Մուրզային և Իլյա Յաշինին։

2024 թվականի օգոստոսի 15։
Յուլյա Նավալնայան հրապարակել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի որոշումը՝ Նավալնիի մահվան փաստի առնչությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ թվագրված հուլիսի 26-ով։ Այնտեղ նշվում էր, որ քաղաքական գործչի մահը «քրեական բնույթ չի կրում, այլ համակցված հիվանդության հետևանք է»։

«Դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ի մահվան պատճառը համակցված հիվանդությունն է. հիպերտոնիկ հիվանդություն՝ անոթային և օրգանային ախտահարումներով, դիֆուզ միոկարդիոսկլերոզ՝ բարդացած գլխուղեղի այտուցի, սրտի փորոքների ֆիբրիլյացիայի, թոքերի այտուցի զարգացմամբ»,- ասված է քննիչների եզրակացության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ Նավալնիի մահը կրել է «առիթմոգեն բնույթ, որն արտահայտվել է սրտի ռիթմի և հաղորդունակության խանգարմամբ»։ Բացի այդ, քննիչները պնդմամբ՝ Նավալնին ունեցել է բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ խոլեցիստիտ (լեղապարկի բորբոքում), հեպատիտ (լյարդի բորբոքում), պանկրեատիտ (ենթաստամոքսային գեղձի բորբոքում), ճողվածք, էնցեֆալոպաթիա, ոսկեգույն ստաֆիլոկոկ շնչափողում և հերպեսի վիրուս թոքերում ու փայծաղում։

Սրտաբան Ալեքսեյ Էռլիխը, որը 2021 թվականին հացադուլի ժամանակ Նավալնիի առողջական վիճակը հսկող բժիշկների խմբի անդամ էր, 2024 թվականի օգոստոսին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում քաղաքական գործչի մահվան պաշտոնական պատճառը անվանել է «ֆանտաստիկայի ժանրից»։ Նրա կարծիքով՝ բժիշկները «մահվան որևէ այլ ակնհայտ պատճառ չեն գտել, որը կարող էին մատնացույց անել»։ Էռլիխը չի բացառել, որ մահվան պատճառները կարող էին լինել միջնորդավորված՝ վատ սննդակարգի և պահման վատ պայմանների հետևանքով։

Յուլյա Նավալնայան հայտարարել է, վկայակոչելով բժիշկներին, որ իշխանությունները ոչինչ չեն կարողացել գտնել դիահերձման ժամանակ և գրել են առիթմիայի մասին, «որպեսզի գոնե ինչ-որ բան գրեն»։

2024 թվականի օգոստոսի 26։
Ռուսաստանցի մոտ 200 բժիշկներ դիմել են Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նավալնիի մահվան կապակցությամբ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նրանց նամակի համաձայն՝ մահվան պաշտոնական պատճառի մեջ նկարագրված օրգանների ախտահարումները կարող էին առաջանալ «երկարատև հիպերտոնիկ հիվանդության դեպքում՝ զարկերակային ճնշման խիստ բարձրացմամբ»։

Նրանց խոսքով՝ գաղութի աշխատակիցները պետք է հետևեին հիվանդության նշաններին, քանի որ մինչև պատժախուց ուղարկելը, որտեղ Նավալնին երկու տարվա ընթացքում անցկացրել է ավելի քան 300 օր, նրան պարտավոր էին բուժզննման ենթարկել։ Դիմումի հեղինակները հայտարարել են, որ ընդդիմադիրի մահը կարող էր լինել Քրեակատարողական դաշնային ծառայության աշխատակիցների անփութության հետևանք։

Հետագայում՝ կոչը ստորագրած բժիշկներից մի քանիսը ենթարկվել են խուզարկությունների։

2024 թվականի սեպտեմբերի 3։
Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի դատախազությունը չեղարկել է Նավալնիի մահվան փաստի առնչությամբ քրեական գործ չհարուցելու մասին Քննչական կոմիտեի որոշումը՝ այն ճանաչելով անօրինական: Գործի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտեի մարզային վարչության հատկապես կարևոր գործերի քննության բաժին։

Ընդ որում, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը պարզաբանել է, որ դա չի նշանակում, թե անպայման քրեական գործ կհարուցվի։ «Դա նշանակում է, որ ստուգումը կշարունակվի։ Կմտածեն, թե ինչպես այլ կերպ ներկայացնեն Ալեքսեյ Նավալնիի սպանությունը։ Կամ անվերջ երկար կիրականացնեն այդ «ստուգումը»»,- գրել է Ժդանովը Telegram-ի իր ալիքում։

2024 թվականի սեպտեմբերի 29։
Հայտնի դարձավ, որ մահից առաջ Նավալնին սուր ցավ է զգացել որովայնի շրջանում, ունեցել է փսխում և ցնցումներ։ The Insider-ի տվյալներով՝ այս ախտանշանները նկարագրված են եղել Նավալնիի մահվան վերաբերյալ գործի հարուցումը մերժելու մասին փաստաթղթի տարբերակներից մեկում։

Սակայն որոշման վերջնական տարբերակում այդ տեղեկությունը չի ներառվել։ Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել նաև առգրավված օբյեկտների ցուցակագրումը, որում հիշատակվում են «փսխման զանգվածների նմուշների» մասին, և որ դրանք ուղարկվել են փորձաքննության։ Ընդ որում, իշխանությունները պաշտոնապես չեն հայտնել փորձաքննությունների արդյունքների մասին։

The Insider-ի կողմից հարցված բժիշկները պնդմամբ՝ նկարագրված ախտանշանները վկայում են այն մասին, որ քաղաքական գործիչը, հնարավոր է, թունավորվել է ֆոսֆորօրգանական նյութով (նյութերի այս դասին է պատկանում նաև «Նովիչոկը»)։

2024 թվականի հոկտեմբերի 4։
«ВЧК-ОГПУ» տելեգրամյան ալիքը, որը կապում են ռուսական ուժային գերատեսչությունների հետ, հաղորդել է, որ քննիչ Ալեքսանդր Վորոպաևը, որի ստորագրությունը եղել է Նավալնիի մահվան վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման վրա, ի սկզբանե դիտարկել է քաղաքական գործչի հնարավոր թունավորման վարկածը՝ որպես հիմնական։ Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ դրա մասին է վկայում այն, որ մեծ քանակությամբ «ողողաջրեր» են վերցվել Նավալնիի հետ շփում ունեցած կալանավորների և գաղութի աշխատակիցների ձեռքերից, ինչպես նաև կահույքից և առարկաներից, որոնց նա կարող էր ձեռք տված լինել, և նույնիսկ բակի ձյունը, որով քայլում էր ընդդիմադիրը, ուղարկել են փորձաքննության։

Սակայն ավելի ուշ, «ինչպես մատի մեկ հարվածով», քննչական խումբը դադարեցրել է աշխատանքը թունավորման վարկածի շուրջ և կենտրոնացել «բացառապես Նավալնիի տարբեր հիվանդությունների որոնման վրա»՝ պնդել է ալիքը։ Այս տեղեկություններն չեն հաստատվել կամ հերքվել։

2025 թվականի փետրվար։
«Ամերիկայի ձայնը» մեկնաբանություն է խնդրել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովից այն մասին, թե արդյոք Նավալնիի մահվան հետաքննության գործով նոր տեղեկություններ են ի հայտ եկել, սակայն պատասխան դեռ չենք ստացել։

«ՕՎԴ-Ինֆո» նախագիծը, որը ռուսական այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին 2024 թվականի մարտին կոչ էր արել ՄԱԿ-ին անկախ միջազգային հետաքննություն անցկացնել ընդդիմադիր գործչի մահվան առնչությամբ, «Ամերիկայի ձայնին» տեղեկացրել է, որ մեկ տարի անց միջազգային հետաքննություն այդպես էլ չի սկսվել։

«Մենք խոսել ենք այն մասին, որ հնարավոր չէ վստահել Ռուսաստանի իշխանությունների հետաքննության արդյունքներին, քանի որ նրանք Ալեքսեյին քաղաքական հետապնդման են ենթարկել, խոշտանգել են և նախկինում արդեն փորձել են սպանել նրան։ Ուզում ենք հուսալ, որ այս հանցագործությունը չի մոռացվի, և որ միջազգային հանրությունը կկարողանա վերջապես խոսքից անցնել գործի», գրավոր մեկնաբանության մեջ ընդգծել է «ՕՎԴ-Ինֆո»-ի իրավաբան Վիոլետա Ֆիցները։