Իր պաշտոնավարման հենց առաջին օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անօրինական ներգաղթը հայտարարեց ազգային անվտանգության խնդիր՝ ընդգծելով, որ հետամուտ է լինելու նախընտրական խոստմանը և արտաքսելու է ԱՄՆ-ում գտնվող միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին:
Սակայն բազմաթիվ իրավաբանների կարծիքով՝ անգամ արտաքսման պարագայում միգրանտների նկատմամբ հարկ է ցուցաբերել պատշաճ իրավական ընթացակարգ:
Ներգաղթի հարցերով իրավաբան Հաննա Ֆլամն ասում է. «Ձեզ ներկայացվում է մեղադրանք պարունակող փաստաթուղթ, որը ձեր դեմ դատավարություն սկսելու հիմք է, և այդժամ կարող եք ապաստան խնդրել կամ այլ կերպ պաշտպանել Միացյալ Նահանգներում գտնվելու ձեր իրավունքը: Եթե չեք հաղթում այդ գործընթացի ավարտին, ձեր արտաքսման կարգադրությունն է իջեցվում»։
Ֆլամի խոսքով՝ տարբեր մարդկանց պարագայում արտաքսումը կարող է տարբեր ժամկետներ պահանջել. «Հնարավոր է, ինչ-որ մեկին արտաքսեն ամիսներ կամ տարիներ տևած պայքարից հետո, իսկ մեկ ուրիշին՝ ժամերի կամ օրերի ընթացքում»:
Ըստ հաղորդագրությունների՝ այս հունվարի 21-ից ի վեր ԱՄՆ դաշնային իշխանությունները ձերբակալել են ավելի քան 8,200 մարդու:
Ամերիկյան իշխանությունները ընդլայնել են արագ արտաքսման կիրառումը, ինչը նշանակում է, որ, օրինակ, ներգաղթի ծառայության աշխատակիցներն այլևս կարող են առանց փաստաթղթերի միգրանտներին վտարել երկրից առանց դատական նիստի:
«Պետք է ավելին անենք: Ուղիներ ենք փնտրում ավելի արդյունավետ գործելու համար»,- ասել է Թրամփի «սահմանային ցարը»՝ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավար Թոմ Հոմանը։
Հայտնի է որ ԱՄՆ իշխանությունները սկսել են կիրառել Կուբայում` Գուանտանամոյի ծոցում գտնվող ամերիկյան ռազմաբազան, ավելի ճիշտ՝ այնտեղ կառուցված բանտը որպես ապօրինի ներգաղթյակների ժամանակավոր պահման վայր։
«Այն լինելու է [ապօրինի միգրանտների] պահման ևս մեկ վայր, որտեղ կունենանք 30 հազար մահճակալներ»,- հավելել է Հոմանը։
Այս ամենի ֆոնին՝ արդեն իսկ իրավական խնդիրներ են ծագել ամերիկյան իշխանությւոնների համար։ Վերջերս Նյու Մեքսիկո նահանգում դաշնային դատավորն արգելափակել է վենեսուելացի երեք ներգաղթյալների՝ Գուանտանամո տեղափոխումը։ Իսկ փաստաբանները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ Գուանտանամոյում կալանավորներին առանց փաստաբանների կամ ընտանիքի հետ կապ ունենալու իրավունքի պահելու համար:
«ԱՄՆ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ կառավարությունը ձերբակալում է մարդկանց ԱՄՆ տարածքում և տեղափոխում Գուանտանամո»,- ասում է Հաննա Ֆլամը։
Գուանտանամոյում ներկայում պահվում են արտաքսված անձինք, այդ թվում՝ հանցագործներ:
Ինչևէ, իրավական հարցերի առաջ գալուն զուգահեռ՝ ամերիկյան իշխանությունները շարունակում են երկրից արտաքսել ապօրինի ներգաղթյալներին։