ՆԱՏՕ-ն երկարաձգել է Լիբիայում իր առաքելության ժամկետը ևս 90 օրով:
Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` ասելով, թե այս քայլն ուղերձ է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին այն մասին, որ նրա վրա գործադրվող ճնշումը գնալով է՛լ ավելի է ուժեղանալու:
Բրյուսելում անցկացված ասուլիսի ընթացքում Ռասմուսենն ասել է, թե խնդիրն այն չէ, թե արդյոք Քադաֆին հեռանալու է, այլ թե երբ է նա հեռանալու` հավելելով, որ Քադաֆիի հեռանալու համար կպահանջվի որոշ ժամանակ կամ «դա կարող է տեղի ունենալ նույնիսկ վաղը»:
Երկարաձգման արդյունքում ՆԱՏՕ-ի առաքելությունը կավարտվի սեպտեմբերին:
Այս ընթացքում Լիբիայի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա հանդես է եկել այս երկրի կառավարության հետ կապերը խզելու մասին:
Նավթի նախարար Շուքրի Ղանեմը Հռոմում չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի նա լքել է իր երկրին ու աշխատանքը, սակայն Քադաֆիի դեմ պայքարող ապստամբներին միանալու մասին որոշում դեռևս չի ընդունել: