ՆԱՏՕ-ն Լիբիայում օդային հարձակումներ իրականացնելու համար շաբաթ օրն առաջին անգամ ռազմական ուղղաթիռներ է կիրառել։
ՆԱՏՕ-ի համաձայն, Լիբիայում կառավարական ուժերի ռազմական հենակետերի ուղղությամբ հարձակումն իրականացվել է Մեծ Բրիտանիայի «Apache» և Ֆրանսիայի «Tiger» և «Gazelle» ուղղաթիռների միջոցով։ Հարձակման ընթացքում ոչնչացվել է մոտ 20 թիրախ, որոնց թվում են ռադիոտեղորոշման սարքավորումներ և ռազմական հսկիչ մի անցակետ։
Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, Կանադայի բանակի գեներալ Շառլ Բուշարի համաձայն, օդային հարձակման հաջող իրականացումը «վկայում է ռազմական ուղղաթիռների մարտական ուրույն հնարավորությունների մասին»։ ՆԱՏՕ-ի ուժերի կողմից հարձակումների համար ցածր բարձրության վրա թռչող ուղղաթիռների օգտագործման դեպքում նվազեցվելու է քաղաքացիական զոհերի հավանականությունը, սակայն ուղղաթիռները կարող են խոցելի դառնալ՝ դրանց դեմ «երկիր-երկինք» տեսակի հրթիռների կիրառման դեպքում։