ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտնել են, որ Աֆղանական բանակի համազգեստ կրող մի անձ այսօր սպանել է ՆԱՏՕ-ի բանակի երկու զինծառայողի` Աֆղանստանի հարավում գտնվող ռազմական բազայի տարածքում:
Աֆղանստանում Անվտանգության օժանդակության միջազգային ուժերի հրամանատարությունը հաղորդել է, որ Հելմանդ նահանգի Լաշքար Գահ բնակավայրում տեղակայված ռազմակայանում կրակ արձակած հարձակվողը սպանվել է դաշնակիցների զինծառայողների պատասխան կրակից:
Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը դեռևս չի պարզվել, իսկ ՆԱՏՕ-ն պաշտոնապես դեռ չի հայտնել սպանված զինծառայողների ազգությունը: Որոշ հաղորդագրությունների համաձայն, ՆԱՏՕ-ի ուժերի վրա կատարված հարձակման պատճառով սպանվածները եղել են Մեծ Բրիտանիայի զինծառայողներ:
Հելմանդ նահանգի նահանգապետը հարձակման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով իրականացված հարձակումը և ցավակցություն հայտնելով սպանվածների ընտանիքներին: Նահանգապետը նաև գովասանքի խոսքեր է ուղղել ՆԱՏՕ-ի զինված ուժերի կողմից Աֆղանստանում իրականացվող առաքելությանը:
ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից տրամադրված տվյալների համաձայն, Աֆղանստանի զինծառայողները 2007 թվականից ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների ուղղությամբ կատարել են առնվազն 42 հարձակում:
Հիշեցնենք, որ այս հարձակումից երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի զինծառայողներից մեկը հարձակում է իրականացրել Աֆղանստանի քաղաքացիական անձանց վրա, որի զոհ է գնացել 17 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ: Այս հարձակման պատճառով է՛լ ավելի է ուժեղացել Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի զինծառայողների միջև փոխհարաբերություններում առկա լարվածություն: