«Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերը պետք է մնան այս երկրում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ պատշաճ կերպով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը կատարելու համար, որի հիման վրա էլ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերը մտցվել են այս երկիր»:
Այս հայտարարությամբ Աֆղանստանի հեռուստատեսությամբ տված հարցազրույցում հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվը՝ շեշտելով, որ Ռուսաստանն իրավունք ունի ներկայացնելու նման պահանջ:
Լավորվի խոսքերով, ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ուժերը մտցվել են Աֆղանստան՝ այս երկրում կայուն կառավարություն և գործունակ պաշտպանության ուժեր ստեղծելու նպատակով, և չպետք է լքեն երկիրն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի այս խնդիրը լուծելու համար:
Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ այս իրավիճակն իր երկրի կողմից գնահատվում է միջազգային իրավունքի տեսակետից:
«Աֆղանստանում անվտանգությանը միջազգային ուժերի ներկայության սանկցիան տրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Մանդատի էությունը պարզ է: Երկրից հեռանալուց առաջ նրանք պետք է կատարեն ՄԱԿ-ի մանդատով իրենց հանձնարարված պարտականությունները, և զեկուցեն դրանց կատարման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նույնպես երկրից հեռանալուց առաջ», - ասել է Լավրովը:
Արտգործնախարարի համոզմամբ, Ռուսաստանն իրավունք ունի պահանջելու մանդատի լիարժեք կատարումն այն աջակցության շնորհիվ, որը երկիրը ցուցաբերել է ՆԱՏՕ-ի առաքելությանը՝ տարանցում ապահովելով երկրի տարածքով: Ըստ Լավրովի, Ռուսաստանի տարածքով անցնող Հյուսիսային երթուղով անցնում է Աֆղանստան առաքվում բեռների մոտ երկու երրորդը:
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանում 2014 թվականից հետո ռազմակայանների պահպանման վերաբերյալ ծրագիրն անտրամաբանական է և չի նպաստում տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ համեմատելով այս ծրագիրը ՆԱՏՕ-ի առաքելության ձախողման հետ:
«Տարօրինակ է, որ Վաշինգտոնը պնդում է, որ 2014 թվականին Միացյալ Նահանգների և, կարծում եմ, ՆԱՏՕ-ի ուժերը պետք է դուրս բերվեն Աֆղանստանից՝ միաժամանակ բավականին նպատակասլաց կերպով երկրի կառավարության հետ քննարկելով այնտեղ 2014 թվականից հետո չորս կամ հինգ ռազմակայանի պահպանման հնարավորությունը: Ցանկանում ենք հասկանալ նման գործողությունների պատճառն ու անհրաժեշտությունը: Չենք կարծում, որ դա նպաստելու է տարածաշրջանում կայունության պահպանման», - հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: