Առաջատար կայքերը բողոքում են «հակահենական» օրինագծերի դեմ

Առաջատար կայքերը բողոքում են «հակահենական» օրինագծերի դեմ

ԱՄՆ-ի առաջատար մի քանի կայք դադարեցրել են իրենց աշխատանքը՝ բողոքելով ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկվող «հակահենական» օրինագծերի դեմ:

«Վիքիփեդիա» առցանց հանրագիտարանը 24 ժամով դադարեցրել է անգլիալեզու իր կայքի գործունեությունը. նման քայլի է դիմել նաև բլոգերի «Boing Boing» կայքը: Սոցիալական լուրերի «Reddit» կայքը նախատեսում է օրվա ընթացքում որոշ ժամանակով դադարեցնել իր աշխատանքը, իսկ «Google»-ը փոխարինել է իր գունեղ և ինտերակտիվ ապրանքանիշը գրաքննության նշանով՝ սև ուղղանկյունով: Բողոքի ակցիաներ են անցկացնում նաև համացանցային այլ կայքեր:

Համացանցային համայնքի բողոքի առիթ է դարձել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում քննարկվող «Առցանց հենությունը դադարեցնելու մասին» օրինագիծը («Stop Online Privacy Act»): Օրինագծի ընդունման կողմնակիցների համաձայն, որոնց թվում են կինոյի և երաժշտության արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները, նման միջոցներին դիմելն անհրաժեշտ է՝ մտավոր սեփականությունն ու աշխատատեղերը պաշտպանելու համար:

Օրինագծի ընդդիմախոսները՝ «Google», «Yahoo», «Twitter» և տեխնոլոգիական այլ ընկերություններ, պնդում են, որ օրինագծի ընդունումը ծանր հարված կհասցնի տեխնոլոգիայի ոլորտին և կխախտի ազատ խոսքի իրավունքը:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն անցյալ շաբաթ խոստովանել էր, որ օտարերկրյա կայքերի կողմից իրականացվող հենությունը լուրջ խնդիր է, որին հակազդելու համար անհրաժեշտ է նախապատրաստել համապատասխան օրենսդրություն:

Սպիտակ տունն իր հայտարարությունում նշել է սակայն, թե չի սատարի այն օրինագիծը, որը կսահմանափակի խոսքի ազատությունը, կավելացնի համակարգչային անվտանգությանը սպառնացող գործոնները և կխոչընդոտի դինամիկ և նորարարական ինտերնետի զարգացմանը: